Դրանք Վրաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր են. վարչապետը պատասխանել է երկքաղաքացի ջավախահայերի բարձրացրած հարցերին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան այցի ընթացքում հանդիպում է եղել ոչ միայն թբիլիսաբնակ հայերի, այլ նաև ջավախահայերի հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը.
«Հանդիպման ընթացքում ջավախահայերը տարբեր հարցեր են բարձրացրել՝ դասագրքեր, երկքաղաքացիության հարց և այլն: Տեղում քննարկվել են նաև բարձրաձայնված հարցերը»,-ասաց Կարսլյանը՝ հավելելով, որ իրենց տեղեկացրել են, որ հայալեզու դասագրքերի և մանկավարժների խնդիրների մասին խոսել են նաև երկու երկրների վարչապետները:
Հարցին, թե ի՞նչ է պատասխանել վարչապետը Վրաստանի այն քաղաքացիների հարցին, ովքեր երկքաղաքացիության բացակայության դեպքում ձեռք են բերում Հայաստանի քաղաքացիություն, Կարսլյանը պատասխանեց. «Հարց բարձրացվեց, թե իբր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից և այլն, Կարեն Կարապետյանն էլ ասաց, որ դրանք ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր են»:
Հարցին,թե ովքեր էին ներկա հանդիպմանը, Գագիկ Կարսլյանը պատասխանեց. «Նինոծմինդայի ղեկավարությունն է ներկա եղել, ուսուցիչներ կային տարբեր շրջաններից, հայ համայնքից ներկայացուցիչներ են եղել, գրողներ, մտավորականներ, ովքեր բարձրացրել են տարբեր հարցեր»: