ՀՀ-ԵՄ նոր պայմանագիրը փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված «և՛, և՛»-ի քաղաքականության կենսունակությանը. Նախագահ
Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»-ի քաղաքականության կենսունակությանը:
Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում՝ Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, իր ելույթում Նախագահը ասել է. «Երեկ մենք Նախագահ Տուսկի հետ հայտարարեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին:
Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»-ի քաղաքականության կենսունակությանը: Ճիշտ է, դեռևս 1996թ. մենք ստորագրել էինք Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող՝ Գործընկերության և համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, սակայն այն վաղուց արդեն չի արտահայտում ո՛չ Հայաստան-ԵՄ համագործակցության ընդգրկումը, ո՛չ էլ դրա խորությունը և առավել ևս` ո՛չ էլ հավակնությունները։ Ուստի, նոր համաձայնագրով, ամրագրելով տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման ուղենիշերը, մենք ազդարարում ենք, որ շարունակելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ օրակարգը:
Կարևորն այն է, որ մեր համագործակցությունն ունի արժեքային հենք։ Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել։ Ոչ ոք մեզ չի պարտադրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, դա մեր ընտրությունն է: Մեր ժողովուրդն իրեն լիովին եվրոպացի է համարում. թե՛ մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը, թե՛ մեր կենսակերպը եվրոպական է։ Պատահական չէ, որ այսօր էլ հարյուր հազարավոր հայեր ապրում են Եվրոպայում և հանդիսանում օրինավոր քաղաքացիներ՝ իրենց տաղանդն ու աշխատասիրությունը ծառայեցնելով այդ երկրներին։ Սա ևս կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրոպական միության միջև։
Այսպիսով, մենք պարզապես ավելի ամուր իրավական հիմք ենք ապահովում այն համագործակցության համար, որը փաստորեն առկա է։ Համոզված ենք, որ դա թույլ կտա և նաև կպարտավորեցնի ունենալ ավելի արդյունավետ պետություն։
Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց:
Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի:
Միաժամանակ, Հայաստանը, պատմականորեն հարաբերությունների մեծ փորձ ունի Իրանի հետ, իսկ ներկա սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը դարձնում են Հայաստանը լավ հարթակ Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական ընկերությունների համար: Իրանի հետ զարգացնելով տարածաշրջանային օրինակելի համագործակցություն՝ Հայաստանն այսօր լավ նախադրյալներ ունի՝ դառնալու Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստների հետ կապող ամենաապահով և ամենակարճ տարանցիկ ուղին։ Դրան էր միտված Հյուսիս-հարավ ավտոմայրուղին՝ վրացական նավահանգիստներից դեպի Երևան, և ապա դեպի Իրանի սահմանակետ տանող ավտոճանապարհը ԵՄ-ի հիմնական երթուղում ներառելը։
Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները Հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն օղակներից են։ Վրաստանի հետ մենք մշտապես բոլոր ընթացիկ հարցերը կարգավորել ենք բարիդրացիության և փոխըմբռնման մթնոլորտում: Մեր համագործակցությունը երբևէ չենք պայմանավորել երրորդ երկրների հետ հարաբերություններով։
Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին:
Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթման, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին»: