Ռուսաստանը պատրաստ է փակել Ղրղզստանում ռազմաբազան, եթե Բիշքեկն այդ մասին խնդրի. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է փակել Ղրղզստանում ռազմաբազան, կամ քննարկել դրա ուժեղացման հնարավորությունները, եթե Բիշքեկն այդ մասին խնդրի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ բանակցությունների արդյունքներով: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե Ղրղզստանն ասի, որ մենք այնքան ենք ամրապնդել մեր զինված ուժերը, որ նման բազա պետք չէ, մենք այդ իսկ օրը կհեռանանք»,- ընդգծել է Պուտինը:
Նա բացատրել է, որ Ռուսաստանը Ղրղզստանում զորքեր տեղակայելու ոչ մի անհրաժեշտություն չունի: Ռուսական բազան հարկավոր է հենց Ղրղզստանի անվտանգությունն ապահովելու համար, բայց աստիճանաբար երկիրը կզարգացնի և կուժեղացնի սեփական զինված ուժերը:
«Ռազմաբազայի ընդլայնման մասին հարցը մենք չենք քննարկել: Եթե Ղրղզստանն անհրաժեշտ համարի դա անել, այդ ժամանակ էլ կքննարկենք, բայց նկատի ունեցեք, որ մեզ համար նույնպես դա լրացուցիչ ծախսեր է ենթադրում»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը հիշեցրել է, որ Կանտ քաղաքում ռուսական բազան ստեղծվել է 1999-2000-ական թվականներին՝ Ղրղզստանի ղեկավարության խնդրանքով: