Որևէ մեկը չի իմանալու, թե ընտրատեղամասում ում եք քվեարկելու. Էդմոն Մարուքյանը՝ բնակչությանը
ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք » դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանը մի քանի վարժություններ՝ քաղպարապմունքներ անցկացրեց, որպեսզի քվեարկության օրը պետական ծառայողները կարողանան խուսափել հնարավոր ճնշումներից և կարողանան «խաբել իրենց սիրելի ղեկավարությանը»։
Վարժություն առաջին. « Դուք, հիպոթետիկ, մեր դաշինքի ընտրող եք ստացել եք 9 քվեաթերթիկ ու 1 ծրար: Դուք մարզպետարանի աշխատող եք ու ձեզ հիպոթետիկ ասել են, որ պետք է ընտրեք, օրինակ՝ Հանրապետականին: Եթե ձեզ ասել են՝ ինչ է պետք անել, պետք է դնեք ՀՀԿ-ի թերթիկը ծրարի մեջ և մնացած թերթիկները հանել, ցույց տալ, որ ընտրել եք ՀՀԿ-ին: Դուք «Ելք» դաշինքի թերթիկը տեղադրում եք ծրարի մեջ , քվեարկում եք ռեյտինգային թեկնածուին, դա դնում եք մի կողմ, 8 թերթիկից, որտեղ արդեն կա ՀՀԿ-ի թերթիկ, գցում եք արկղը, որտեղ պետք է գցեք մյուս քվեարթերթիկները, վերցնում եք «Ելք» դաշինքի մի թերթիկ և 8 թերթիկը տանում եք ցույց եք տալիս Ձեր սիրելի ղեկավարությանը, որը Ձեզ ճնշում է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև հիշեցրեց, որ հանրապետության մարզերով մեկ և Երևան քաղաքում տարածվում են կեղծ լուրեր , որ ընտրությունների ժամանակ քվեարկության տարածքում լինելու են տեսանկարահանող սարքեր և կիմանան, թե ում են ընտրել։
Էդմոն Մարուքյանը հատուկ արձանագրեց, որ քվեարկության խցիկի տարածքում որևէ բան չի նկարահանվում, չի տեսանկարահանվում և որևէ մեկը չի իմանում, ում են քվեարկելու: