Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կտրանականապես հերքում է
«Ժամանակ» օրաթերթում «Չի վճարել» վերնագրի տակ հետևյալ հոդվածն է տպագրվել.
«Մեր տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը անցյալ տարվա օգոստոսին բրազիլական Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից հետո ոչ մարզիկներին, ոչ էլ մարզիչներին աշխատավարձ և նախատեսված հավելավճարներ չի վճարել: Սամվել Կարապետյանը քանիցս նշել է, որ տարեկան շուրջ 2 մլն դոլար է ծախսում ֆեդերացիայի բնականոն աշխատանքի վրա, մինչդեռ մեր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը փաստում են, որ ֆեդերացիայում նրա կատարած ծախսերը չեն գերազանցում 700-800 հազար դոլարը: Մարզիկների աշխատավարձերի ամիսներով ուշացումը որևէ ձևով չեն ազդել, սակայն, Լոռու մարզում առաջադրված Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի նախընտրական ծախսերի վրա»:
Ի պատասխան հրապարակման՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները մամուլի ասուլիս են կազմակերպել.
ՀԸՖ-ի մամուլի ծառայության ղեկավար Կարեն Գիլոյանն իր խոսքում ասել է հետևյալը. «Մեկ թեմա ենք արծարծելու՝ ֆեդերացիայում աշխատավարձերի հարցը: Մենք քաղաքակիրթ մոթեցանք հրապարակմանը, որում նշված էր, թե իբր մարզիկները գումար չեն ստանում: Այստեղ են ըմբիշները՝ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Վարշամ Բորանյանը, Կարապետ Չալյանը, մարզիչները, ովքեր գումար ստանում են և պատրաստ են ասել այդ մասին: Ըմբշամարտի ֆեդերացիան այսօր որևէ խնդիր չունի»:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մանրամասնեց. «Շատ տհաճ պահ էր, երբ կարդացի «Ժամանակ» թերթի նյութը: Ոնց որ ցանկանան եղած լավն էլ փչացնեն, վարկաբեկեն: Սամվել Կարապետյանի ղեկավարության տարիներին հավաքականը մի շարք մրցաշարերի է մասնակցել, վերադարձել է փառքով: Միշտ անձնակազմը պատշաճ ձևով վարձատրվել է, պարևատրումները միշտ ստացել է: Վիրավորական է, երբ տեսնում ես, որ ուզում են բիծ թողնել մի մարդու վրա, ով միայն լավ բաներ է արել: Ուզում եմ հայտարարել, որ առ այսօր մեր հավաքականների խնդիրները լուծվել են: Հանրությանն ուզում եմ ճիշտ ներկայացնենք: Դրանք թյուր մտքեր են»:
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն ասաց. «Ամեն տարի հաշվետվություն լինում է: Այդ հոդվածում ֆիքսված թվեր են նշված: Գումարները ֆեդերացիայում ֆիքսված չեն լինում, քանի որ փոփոխական է, միշտ ավելի շատ է եղել: Միշտ չեմպիոններ են լինում և գումարներն ավելանում են: Ուշացումներ նույնպես չեն եղել»:
Արսեն Ջուլֆալակյանը հավելեց. «Միանում եմ մարզիչների, ավագ ընկերների բոլոր ասածներին: Եթե կա ինչ-որ մի բնագավառ, որտեղ եթե ոչ իդեալական, ապա լավ ու գերազանց է, ինչո՞ւ վարկաբեկել: Եթե մեկը փորձել է, պարզապես չհաջողվեց: Ֆեդերացիայի նախագահը չի ցանկանում, որ անընդհատ իր գործերի մասին խոսի, մենք ստիպված արեցինք դա: Եթե մեր ֆեդերացիան նման ղեկավար չլիներ, ըմբշամարտով զբաղվելը ֆինանսական առումով վնասակար կլիներ: Պետք է շնորհակալ լինենք այս ֆինանսավորման համար: Կցանկանայի, որ մյուս ֆեդերացիայում էլ նման կարգ լինի»:
«Երևի ինչ-որ տեղ մեր ֆեդերացիայի համեստությունն է չարաշահվում: 2009 թվականից ի վեր ոչ մի անգամ հրապարակավ պարգևատրություններ չեն արվել, հանգիստ համեստ եկել ստացել են: Հիմա խոսելու տեղ է տրվել, երևի բացթողում ունենք, թե ինչու հրապարակայնորեն չենք պարգևատրել մարզիկներին»,- եզրափակեց Գևորգ Ալեքսանյանը: