ԲՀԿ համամասնական 188 հոգանոց ցուցակի անդամներից 52-ը կին է, 37-ը անկուսակցական, իսկ 29-ը չի աշխատում
Tert.am –ը հետաքրքրվել է, թե ովքեր են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ԲՀԿ կուսակցության համապետական ցուցակների պատգամավորության ոչ այնքան հայտնի թեկնածուները, ինչ մասնագիտություններ և գենդերային կազմ ունեն:
Այսպիսով՝ ԲՀԿ համամասնական ցուցակը բաղկացած է 188 թեկնածուներից, որոնցից 52-ն է իգական սեռի ներկայացուցիչ: Ցուցակում ընդգրկվածներից 29 անձ չի աշխատում:
Թեկնածուների թվում, բացի ԱԺ պատգամավորներից, հանրությանը հայտնի մարդկանցից, կան նաև համայնքապետեր, գյուղապետեր, ՍՊԸ տնօրեններ, դպրոցի տնօրեններ, բժիշկներ, 94-րդ հորիզոնականում է նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականը, իսկ 95-րդ հորիզոնականում՝ Էկոնոմիկայի նախարարության ստանդարտների ինստիտուտի քարտուղարության առաջատար մասնագետ:
Ցուցակում են նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ապահովության պետական ծառայություն» գլխավոր մասնագետը, «Գոյապայքար» ՀԿ նախագահը, «Ֆոկուս մեդիա գրուպ» մարկետինգային ընկերություն նախագահ, «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ խաչատուր Մարոզյանը, «Հայրենապաշտ» ԵՀԿ նախագահը, «Երևանի Տորք Անգեղ ՄՄԿ» ՀՈԱԿ տնօրենը, գործավար, «ՄԵՏՐՈՊՈԼ» ՍՊԸ հիմնադիր և այլք:
Նրանց 84-ի հաշվառման վայրը քաղաք Երևանն է, իսկ 37 թեկնածու անկուսակցական է: