ԼՂ հակամարտության կողմերը պետք է անհապաղ վերադառնան բանակցային սեղանի շուրջ, պետք է լինեն ինտենսիվ բանակցություններ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (տեսանյութ, մաս 1)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար երբևէ չի կարող որևէ ռազմական լուծում լինել: Tert.am-ի հետ լայնածավալ զրույցի ընթացքում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերի մասին: Դեսպանը նշեց, որ հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով միայն ավելի մեծ ողբերգության կհանգեցնի, հետ կպահի տարածաշրջանը հետագա զարգացումից: Ռ. Միլսը նկատեց, որ այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խումբը արեց հնարավոր ամեն ինչ՝ հետագա լարվածությունը թույլ չտալու համար, կողմերին կոչ արեց զսպված լինել, առավել չլարել իրավիճակը:
- Պարո՛ն դեսպան, եթե թույլ կտաք, ցանկանում եմ հարցազրույցը սկսել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերից: Ադրբեջանը կիրառեց հզոր հրետանի, ինչից հետո հայկական կողմը հայտարարեց, որ միջադեպերի մասին տեղյակ է պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Հնարավոր ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել ու պետք է ձեռնարկի համանախագահների եռյակն այս իրավիճակում:
- Շփման գծում բռնությունների վերսկսումն անցած շաբաթվա ընթացքում մեծապես մտահոգում էր մեզ՝ Միացյալ Նահանգներին, ինձ և Մինսկի խմբին: ՄԽ համանախագահներն անմիջապես հայտարարությամբ հանդես եկան՝ կոչ անելով կողմերին շփման գծի երկայնքով հանդես բերել զսպվածություն, ամեն ինչ անել լարվածությունը թուլացնելու համար: Ինձ համար գոհացուցիչ էր, որ տեղի ունեցավ բռնության մեղմում և երկու կողմերը միջոցներ ձեռնարկեցին հետագա լարվածությունը թույլ չտալու համար: Այս բախումները, միջադեպերը վերստին շեշտում ու ընդգծում են, որ անհրաժեշտ է, որ կողմերը անհապաղ ձեռնամուխ լինեն բանակցային գործընթացին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար երբևէ չի կարող որևէ ռազմական լուծում լինել. ռազմական ճանապարհով միայն ավելի մեծ ողբերգություն, միայն ավելի մեծ կորուստներ կլինեն, և դա միայն հետ կպահի տարածաշրջանը հետագա զարգացումից:
- Այսինքն՝ Ձեր կարծիքով ՄԽ-ն ձեռնարկե՞լ է բավարար քայլեր, որ հակամարտությունը լարվածության նոր փուլ չմտնի:
- Այո, կարծում եմ, որ Մինսկի խումբը արեց հնարավոր ամեն ինչ հետագա լարվածությունը թույլ չտալու համար, կողմերին կոչ արեց զսպված լինել, առավել չլարել իրավիճակը: Այս ամենով վերստին ընդգծվեց անհրաժեշտությունը, որ կողմերը պետք է անհապաղ վերադառնան բանակցային սեղանի շուրջ: Նաև պետք է լինեն ինտենսիվ բանակցություններ, ինչը պիտի մեկնարկի վստահության ձևավորման միջոցների ստեղծումից, որոնց մասին պայմանավորվածությունները եղել են դեռևս անցած տարի ամռանը Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում:
- Վստահության ձևավորման միջոցներից մեկը հետաքննության մեխանիզմների տեղադրումն է շփման գծի ողջ երկայնքով: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ դրանք չեն տեղադրվում:
- Համաձայն եմ, որ վստահության ձևավորման միջոցների առկայության պայմաններում կստեղծվի ճիշտ, նպաստավոր միջավայր, որի պայմաններում հնարավոր կլինի կարգավորման հարցերի շուրջ խոսակցություն ծավալել: Իմ երկրի կառավարությունը, համանախագահ մյուս երկրները, ուրախությամբ ընդունեցինք այն փաստը, երբ անցած տարվա ամռանը կողմերը համաձայնեցին ամբողջովին իրագործել վստահության ձևավորմանն ուղղված միջոցները: Այժմ կարևոր է, որ դրանց փաստացի իրականացումն ապահովվի: Ուղերձը, որը գալիս է Մինսկի խմբից, այն է, որ անհրաժեշտ է իրականացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնամուխ լինել:
- Կարծիքներ կան, որ Մինսկի խմբի անհասցե հայտարարությունների պատճառով է Ադրբեջանը պարբերաբար մեծացնում իր սադրանքները շփման գծում։
- Կարծում եմ, որ երբեմն թյուրըմբռնում կա կապված հարցի հետ, թե ո՞րն է Մինսկի խմբի դերը: ՄԽ-ն միջնորդներ են, ովքեր օգնում են կողմերի միջև քննարկումների, բանակցությունների կայացմանը: Նրանք դատավորներ չեն, ովքեր կարող են վատ արարքի, վատ գործողության համար միջոցներ կիրառել: Դա նրանց մանդատի մասը չի կազմում, և որպես միջնորդ նրանց գործողություններին նման գործելակերպը չի օգնի։ Բայց այն, ինչ նրանք անում են հրապարակավ և ըստ անհրաժեշտության՝ մասնավոր զրույցներում` թե՛ Բաքվում, թե՛ Երևանում առաջ են քաշում մտահոգիչ խնդիրները: Իսկ ինչ վերաբերում է նրանց հրապարակային հայտարարություններին, ապա դրանք կատարվում են միջնորդական դիրքից, խնդրի կարգավորման դիրքից, արտահայտում են միջազգային հանրության դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել լարվածություն թույլ չտալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարցազրույցի երկրորդ մասը կհրապարակվի ավելի ուշ։