Սումգայիթից 29 տարի անց հայկական կողմը չունի միջազգային հանրության կողմից դատապարտման այն ալիքը, որին սպասում էր. Գ. Մելքոնյան
29 տարի անց սումգայիթյան դեպքերի վերաբերյալ հայկական կողմը չունի միջազգային հանրության կողմից դատապարտման ալիքը, որը սպասում էր:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
«Երկրորդը՝ մինչ օրս լուծված չէ Սումգայիթի հայության իրավական փոխհատուցման խնդիրը, 29 տարի անց մենք ունենք Ադրբեջանի կողմից պետական մակարդակով փաստերը բացահայտ խեղաթյուրելու փորձեր»,-ասաց պատմաբանը:
Գևորգ Մելքոնյանի խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հրատարակվում են աշխատություններ, որոնք 1988-ի դեպքերը ներկայացվում են որպես հայերի կողմից իրականացված արարքներ:
«29 տարի անց մեր պետականության առաջ այս խնդիրներն ունենք. հենց այսօր ԱՄՆ-ում ընթանում է Խոջալուի դեպքերի թեմայով քննարկում, որտեղ ականատեսներն են ելույթ ունենում, սակայն մենք խնդիր ունենք ամբողջական պատկերը ներկայացնելու»,-ասաց պատմաբանը:
Մելքոնյանն ասաց, որ սումգայիթյան դեպքերի մասին Ռուսաստանում պահպանվել են մեծ քանակով արխիվային նյութեր, որովհետև Խորհրդային միության տարիներին ստեղծված է եղել հատուկ հանձնաժողով, որը եզրակացություն է տվել, որ սումգայիթյան դեպքում եղել են էթնիկ զտման տարրեր. «Այսինքն՝ դրանք եղել են ուղղորդված և կրել են հակահայկական բնույթ»: