ՋՏՊԿ ենթակառույցներում էլեկտրաէներգիայի նորագույն հաշվիչ սարքեր կտեղադրվեն
Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի էլեկտրական ցանցերի համատեղ նախաձեռնությամբ՝ էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի հաշվարկային նորագույն սարքեր կտեղադրվեն Կոմիտեի ենթակայության տակ գտնվող շուրջ 954 կետերում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից և ընդգծում, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ ոչ միայն հնարավոր կլինի արխիվավորել հաշվիչ սարքերից ստացված տվյալները, այլև հետևել դրանց՝ առցանց ռեժիմով:
Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը: Այսպիսով էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝ վերահսկելի:
Գործընթացի առաջին փուլում, որն, ի դեպ, արդեն մեկնարկել է, նախատեսվում է 650 հաշվիչ սարքերի տեղադրում: Չնայած եղանակային պայմաններին՝ 7 սարքավորում արդեն իսկ տեղադրվել է: Կարճ ժամանակահատվածում ՋՏՊԿ և ՀԷՑ մասնագետները համատեղ աշխատանք կիրականացնեն՝ առաջնային կարևորության ենթակայաններում սարքերի տեղադրման ուղղությամբ:
Նշվում է, որ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի շուրջ 10 մլն դրամի խնայողություն անել: