Որոշվեցին նետաձգության Հայաստանի չեմպիոնները
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ծածկաց տարածքում նետաձգության Հայաստանի առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ընդհանուր առմամբ մասնակցեցին 77 մարզիկներ: Նրանք մրցեցին 18 մետր մրցատարածությունում:
Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր դարձան`
Տղամարդիկ. Վիգեն Սմբատյան, Հրաչիկ Վարդանյան, Վասիլ Շահնազարյան
Կանայք. Հայկուհի Մարգարյան, Իրինա Գրիգորյան, Մերի Խաչատրյան:
Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հանրապետությունում նետաձգությամբ զբաղվողների թիվը տարեցտարի ավելանում է.
«Եթե նախորդ առաջնությանը մասնակցում էր 55 նետաձիգ, այս տարի կրակագիծ է եկել 77-ը, ինչը մարզաձևի տարածման ուղղությամբ ֆեդերացիայի կատարած աշխատաքի արդյունք է: Անցած տարի Շենգավիթ համայնքում բացվեց ֆեդերացիայի ակումբը, խմբակներ են բացվել թիվ 104 և 194 հանրակրթական դպրոցում, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարզվողների թիվն արդեն հատել է 80-ի սահմանը: Ուրախալի է, որ նշածս դպրոցների սաները նույնպես մասնակցեցին այս առաջնությանը:
Մտադիր ենք նետաձգությունը զարգացնել նաև Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Էջմիածնում, մյուս մարզերում, որտեղ հնարավոր է: Տարիների երազանքն աստիճանաբար իրականանում է, բայց դրան զուգահեռ արդեն գույքի պակսություն է զգացվում: Ֆեդերացիան ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը տեղեկացված են այդ մասին և մտածում են հարցը կարգավորելու ճանապարհների մասին»,- տեղեկացրեց Բորիս Վասիլյանը: