Արարատյան Հայրապետական թեմում նշվել է Բուն բարեկենդանը
Փետրվարի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը նշել է բուն բարեկենդանը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց թեմի երիտասարդների մասնակցությամբ մեկնարկել է տոնական շքերթը: Երթը գլխավորում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։
Ազգագրական երգերի ու պարերի, դհոլահարների ուղեկցությամբ երթի մասնակիցները քայլել են դեպի Ազատության հրապարակ՝ շնորհավորելով երևանցիներին:
Ազատության հրապարակը բաժանվել էր մի քանի տոնական հարթակների: Երաժշտական ու պարային համարները, տիկնիկային թատրոնն ու բարեկենդանյան ներկայացումներն իրենց շուրջ հավաքել էին հարյուրավոր մարդկանց՝ Երևանից ու մարզերից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բուն բարեկենդանը նշվել է նաև Երևանի վարչական բոլոր շրջաններում՝ տեղի համայնքների հետ համագործակցաբար: