Արտակ Զաքարյանը, կարծես, մոռացել է, որ Մադրիդյան փաստաթղթի շուրջ բանակցությունները վարում է Սերժ Սարգսյանը. ՀԱԿ անդամ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միակ փաստաթուղթը, որի շուրջ ընթանում են բանակցությունները՝ Մադրիդյան սկզբունքներն են, որոնցով նախատեսված է փուլային կարգավորում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:
ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ խաղաղության մասին ելույթի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, թե «ՀԱԿ նախագահը փորձում է խաղաղության կոչերը հիմնավորել չհիմնավորված փոխզիջումների կոչերի, կամ ընդհանրապես զիջումների տարբերակով»:
Այս առնչությամբ Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե Արտակ Զաքարյանի՝ չհիմնավորված զիջումների մասին ակնարկը պարզ սուտ է և նման բան ոչ ոք չի ասել: «Ես անպարկեշտ մոտեցում եմ համարում նման մեկնաբանությունը: Առաջին անգամ չէ, որ Ա. Զաքարյանը, չնայած այն բարձր դիրքին, որ զբաղեցնում է նա Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում, փորձ է անում նենգափոխել ուղիղ խոսքը և ներկայացնել իր մեկնաբանությունն արդեն աղավաղված նյութի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Կարապետյանն ասաց, որ փոխզիջումների մասին փաստաթղթի վերաբերյալ բազմիցս խոսել են Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նկատելով, որ միակ փաստաթուղթը, որի շուրջ տեղի են ունենում բանակցությունները՝ Մադրիդյան սկզբունքներն են, որով նախատեսված է փուլային կարգավորում:
«Առաջին փուլում կողմերը հանգում են համաձայնությունների՝ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ պլեբիսցիտի (հանրային հարցում կամ ռեֆերենդում), և դրա փոխարեն նախատեսվում է Արցախի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների փուլային վերադարձ: Ապա ստեղծում են չորս հանձնաժողովներ, որոնք, ԱԳ նախարարների հետ միասին, պետք է պատրաստեն Խաղաղության համաձայնագիր, որը և կլինի հակամարտության կարգավորման համապարփակ և վերջնական մի հանգրվան:
Այս փաստաթուղթը մշակվել է դեռևս 2007 թ.-ին և Հայաստանը, ի դեմս Սերժ Սարգսյանի, բանակցությունների մասնակցում է հենց այդ փաստաթղթի շուրջ: Այս մասին վերջինս հաստատել է ռուսաստանցի լրագրող Կիսելյովի հետ հարցազրույցում, որ Հայաստանը պատրաստ էր վերադարձնել 7 շրջանները, դրանով, ակնհայտորեն, պատրաստելով հասարակությանը փոխզիջումներին: Ուստի, այս համատեքստում ուղղակի ապշեցուցիչ է, որ Արտակ Զաքարյանը, փոխանակ խոսի իր իսկ ղեկավարի մոտեցման մասին, հիմնավորի ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, բացատրի, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ խոսելով ցավոտ փոխզիջումների մասին, փորձ է անում Կոնգրեսին ու առաջնորդին մեղադրել մի բանում, որին մենք մասնակից չենք»,- մանրամասնեց Վլադիմիր Կարապետյանը:
Խոսելով Լ. Տեր-Պետրոսյանական մոտեցումների մասին, ՀԱԿ անդամը հիշեցրեց, որ 1997թ.-ի փուլային փաստաթղթով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցությունը փաստաթղթի ստորագրմանն ու դրանից բխող պայմանավորվածությունների կատարմանը, Ղարաբաղն օժտված էր վետոյի իրավունքով և Հայաստանի ու Ադրբեջանի հետ հավասար կարգավիճակով պետք է մասնակցեր իր իսկ ապագա կարգավիճակի շուրջ հետագա բանակցություններին: Այսօր, սակայն, ըստ Վլադիմիր Կարապետյանի, հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Ղարաբաղը չկա և չունի որևէ ասելիք բանակցային սեղանի շուրջ։
«Չնայած այդ ակնհայտ նահանջին, մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է ակտիվ և կառուցողական կերպով մասնակցի բանակցություններին՝ խաղաղության հստակ ուղերձ հղելով բոլոր կողմերին և միջազգային հանրությանը»,- հավելեց նա:
Վլադիմիր Կարապետյանը նկատեց, որ հեռու է այն մտքից, թե Արտակ Զաքարյանը ծանոթ չէ Մադրիդյան փաստաթղթին, բայց անտեսում է ակնհայտ փաստերը և գլխիվայր է շուռ տալիս փաստաթղթի բուն էությունը:
«Ի վերջո, սա հենց իրենց իշխանության օրոք ներկայացված փաստաթուղթ է և առնվազն հարգանքով պետք է վերաբերել այն հանգամանքին, որ այդ փաստաթղթի շուրջ է իր կուսակցության ղեկավարը վարում բանակցություններ»,- նշեց նա: