Ոսկու պաշարներն ավելացնելը կարևոր է. հանելուկային էր, թե ինչից ելնելով դրանք վերածվեցին դոլարի. Գագիկ Մակարյան
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ ռուբլու արժևորումը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության աշխուժացմամբ. «Ռուսաստանում տնտեսության առողջացում է նկատվում և ռուբլին կայունանում է, ինչը մի քանի առումով դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր ռուբլին հայաստանյան բանկերում հնարավոր է գնել նվազագույնը 8.20 դրամով, իսկ առավելագույնը 8,38 դրամով, և հնարավոր է վաճառել նվազագույնը 4,46 դրամով, առավելագույնը 8.60 դրամով:
«Ռուբլու արժևորումը հատկապես դրական կազդի դեպի Ռուսաստան արտահանողների վրա, ովքեր կարող են հույս ունենալ, որ իրենց արտահանման ծավալները կաճեն և հնարավոր է՝ արտադրանքի գները վերանայվեն: Երկրորդ դրական կողմը կլինի տրանսֆերտների ավելացումը, որոնք նաև գումարային զանգվածով են մեծանում, որովհետև երբ Ռուսաստանը ֆորսմաժորային վիճակում էր, մոտ երկու անգամ տրանսֆերտներն իջել էին, և հիմա հույս ունենք, որ կաճեն»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը նշեց, որ Հայաստանում աղքատությունը երկու անգամ նվազեցնելու համար մի քանի ուղիներ կան, որոնցից մեկը նաև այն է, որ տրանսֆերտների քանակը 40 տոկոսով աճի, ինչը կարող է ազդել և՛ աղքատության նվազման, և՛ ժողովրդի գնողունակության վրա:
«Հաջորդ դրական ազդեցությունն այն կլինի, որ եթե Հայաստան ավելի մեծ քանակի տրանսֆերտներ մտնեն, ժողովրդի գնողունակությունը, փոքր և միջին բիզնեսը, հատկապես փոքր արտադրությունները կարող են խթանվել»,- ասաց նա:
Գագիկ Մակարյանը թեև ցավալի է համարում, որ արդյունքում աշխատանքային միգրացիան է ավելանում, բայց նշեց, որ գոնե նրանք, ովքեր գնում են աշխատանք գտնելու, կարող են ավելի հեշտությամբ ինտեգրվել ռուսական շուկային: «էկոնոմիկայի աճը կբերի աշխատատեղերի ավելացման, այսինքն՝ այն կարող է կլանել աշխատանքային միգրացիան և քաղաքացիները կարող են նույնիսկ ավելի լավ աշխատանք անել, քան հիմա»,- ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ Ռուսաստանի տնտեսության բարելավմանը զուգահեռ՝ կլավանա Հայաստանի տնտեսության վիճակը, քանի որ Ռուսաստանն իր լավ ժամանակներում Հայաստանի համար երկրորդ արտաքին առևտրի գործընկերն էր:
«Ռուսաստանի տնտեսությունը, եթե զարգանա, կարող է լուրջ ազդեցություն ունենալ և նույնիսկ Հայաստանի համար առաջին գործընկերը լինել առևտրի ոլորտում»,-ասաց նա:
Գագիկ Մակարյանը անդրադարձավ նաև Կենտրոնական բանկը ոսկու պաշարներով համալրելու անհրաժեշտությանը և նշեց, որ բոլոր պետությունները վեջին տարիների ընթացքում, օրինակ, Չինաստանը, Ամերիկան, Գերմանիան, Ռուսաստանը, զարկ տվեցին ոսկու պաշարների ավելացմանը, քանի որ արտաքին պարտքերի մարման կամ վարկեր վերցնելու երաշխիքները պայմանավորված են նաև ոսկու պահեստային ֆոնդով:
«Այն ժամանակ Տիգրան Սարգսյանը մի քայլ արեց, որը հանելուկային էր, և մինչև հիմա ոչ մեկ չկարողացավ հասկանալ, թե այն ժամանակ ինչից ելնելով մեր ոսկու պաշարները վերածեցին դոլարի, թեև այդ ժամանակ արդեն դոլարն արժեզրկվում էր: Այդ քայլի նպատակն այդպես էլ հանելուկ մնաց, սակայն, կարծում եմ, որ դա սխալ երևույթ էր»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ ոսկու պաշարների ավելացումը կարևոր է, քանի որ Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է աճել, իսկ մյուս կողմից էլ՝ առանց այդ վարկերի չենք կարողանում տնտեսությունը պահել:
«Այն ժամանակ ոսկին ավելի էժան էր, իսկ հիմա ոսկու պաշարներ ձեռք բերելու համար, իհարկե, այնքան էլ հարմար ժամանակ չէ, բայց գուցե մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ հակադրված ենք որոշ չափով ձեռք բերել, թեկուզ որ ոսկու գները բարձր են»,- ասաց նա և նշեց, որ ոսկու գինը կարող է լուրջ անկում էլ չունենալ, այլը ընդհակառակը՝ ելնելով պահանջարկից հնարավոր է նաև աճի: