Տեղեկատվություն, որ հայերը ԱՄՆ նոր միգրացիոն քաղաքականությունից տուժել են, մենք չունենք. Արփի Վարդանյան
Տեղեկատվություն, որ հայերը ԱՄՆ նոր միգրացիոն քաղաքականությունից տուժել են, մենք չունենք․Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը՝ նշելով, որ լրատվամիջոցներում է կարդացել, որ վերջերս մի հայ ընտանիք միայն Իրանից չի կարողացել տեղափոխվել ԱՄՆ:
«Իսկ ապօրինի ներգաղթյալների մասին օրենքը Թրամփի օրոք չի ընդունվել, միշտ եղել է: Բոլոր երկրներում էլ կա ապօրինի ներգաղթյալների մասին օրենք․եթե մարդը ապօրինի ձևով է այդ երկրում ապրում, ինքը պետք է պատրաստ լինի օրենքի առաջ պատասխան տալուն»,- ասաց նա:
Արփի Վարդանյանը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ, երբ միգրանտների մասին օրենքն ԱՄՆ-ում ընդունվեց, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, որպես Մասաչուսեթսի նահանգի եկեղեցիների խորհրդի ղեկավար, դիմելով Թրամփին՝ ասել էր, որ պետք է բոլորին հավասար ընդունի:
Նա նշեց, որ, իհարկե, հայերն ունեն մտավախություններ՝ կապված ԱՄՆ նոր նախագահի քաղաքականության հետ: Միաժամանակ՝ ամերիկահայերից յուրաքանչյուրին ԱՄՆ քաղաքականության մեջ մի բան է հետաքրքրում, միասնական, համընդհանուր ոչ մի ցանկություն չկա: «Հիմա որ ասեմ, ընտրություններից հետո բոլոր հայերը միավորված են մի հարցի շուրջ, կխաբեմ»,- ասաց նա:
Ըստ Արփի Վարդանյանի՝ հիմա ԱՄՆ-ում բոլորն են սպասողական վիճակում, խոսք է գնում, որ ԱՄՆ-ն միգրացիայի վերաբերյալ նոր օրենք պետք է ընդունվի: «Հիմա և՛ ամերիկահայերը, և Ամերիկայում ապրող բոլորը ամեն ինչին մեծ հետաքրքրությամբ են հետևում»,- նկատեց նա:
Դիտարկմանը, թե հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող շատ երկրների լոբբիստական կառույցներ փորձում են մտերմություն անել երկրի նոր վարչակազմի հետ, Արփի Վարդանյանը պատասխանեց, որ իրենց կառույցը ևս այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
«Հանդիպումներ, քննարկումներ լինում են,- ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումները լինում են և՛ սենատորների, և՛ կոնգրեսականների, և ԱՄՆ նոր վարչակազմի հետ,-Մոտ ապագայում արդյունքներ կլինեն, բայց ես հիմա չեմ կարող շատ բացել փակագծերը»: