2017թ.-ին համագումար անցկացնելու հնարավորություն դեռ ունենք. մինչև 3-ին տարին լրանալը իրավունք կա. Ա. Մարտիրոսյանը՝ անանուն նամակի հեղինակներին
«Ժառանգություն» կուսակցությունը դեռ համագումար հրավիրելու հնարավորություն ունի: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հակադարձելով մի խումբ անձանց կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված անանուն նամակ-դիմումին, ըստ որի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցել, թեկնածուներ առաջադրել չի կարող, որովհետև «Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, որը հրավիրում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը` առնվազն 2 տարին մեկ անգամ», իսկ «Ժառանգություն» կուսակցությունը վերջին համագումարն անցկացրել է 2014 թվականի հունիսի 28-ին:
«Մինչև 3 տարին լրանալը մենք համագումար անցկացնելու հնարավորություն դեռ ունենք: Այս ընթացքում մի քանի անգամ նախատեսել ենք համագումար հրավիրել, բայց ֆորսմաժորներ են եղել, որոնք խանգարել են համագումար անցկացնել: «Սասնա ծռեր»-ի գործողություններն էին ընթանում, ձերբակալություններ եղան, հետո Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանից մեկնեց և այլն: Բայց 2017թ.-ին հնարավորություն համագումար անցկացնելու ունենք, մինչև 3-ին տարին լրանալը իրավունք ունենք»,- մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս ասաց, որ ապրիլին «Ժառանգություն»-ը նախատեսում է անցկացնել համագումարը: