Հանրաքվեն ԼՂՀ–ում կապված է կարգավիճակի հետ. Մանվել Սարգսյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մասին (տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ժխտում, որ Լեռնային Ղարաբաղում կարող են քաղաքական միջոցառումներ անցկացվել, ինչպիսին սահմանադրական հանրաքվեն է, բայց շեշտում են, որ այն չի դիտարկվում որպես Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշող միջոցառում:
Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, թե իրենք «չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները և դրանք չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքները»:
«Սովորաբար իրավաքաղաքական նման միջոցառումների հետ կապված եղել են հայտարարություններ թե՛ Մինսկի խմբի, թե՛ առանձին համանախագահ երկրների կողմից: Կարևորը հայտարարության շեշտադրումներն են: Նրանք, փաստորեն, չեն ժխտում այդ իրավունքը, որ Ղարաբաղի իշխանությունները կարող են նման միջոցառումներ անցկացնել՝ երկրի ներքին կյանքի կազմակերպման համար: Սա էական է: Բայց, օրինակ, Ռուսաստանն ընդգծում է, որ դա որևէ կերպ չի խանգարում հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, թե չեն ճանաչում Արցախը, չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները՝ որպես կարգավիճակը կանխորոշող միջոցառում»,- մանրամասնեց Մանվել Սարգսյանը:
Ըստ քաղաքագետի՝ իրավական ցանկացած միջոցառում, սակայն, կապված է կարգավիճակի հետ և այս մասին լավ հասկանում է աշխարհը: «Նման գործընթացները կատակ չեն: Պարզապես ընդգծում են, թե հանրաքվեն նշանակություն կարգավիճակի վրա չի ունենա, կարգավիճակը կորոշվի բանակցություններում»,- հավելեց Սարգսյանը:
Մինսկի խմբի հայտարարության մեջ որպես փաստարկ բերվում էր այն, որ Ղարաբաղը չեն ճանաչում Հայաստանն ու Ադրբեջանը: Այս առումով Մանվել Սարգսյանը շեշտեց, որ ՄԽ-ն հենվում է Հայաստանի դիրքորոշման վրա: Միաժամանակ, վերջինս նկատեց, որ ՄԽ-ն փորձում է հանգստացնել Ադրբեջանին, որը պահանջում է թույլ չտալ ԼՂ-ին սահմանադրական հանրաքվեի անցկացնել:
«Երբ խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, խոսում ենք ամեն ինչի մասին, բացի Ղարաբաղի ճանաչումից: Բայց աշխարհի պրակտիկան ցույց է տվել, որ հակամարտության լուծումը իրավունքների ճանաչում է: Այլ տարբերակ չէ: Երբ իրավունքները բաշխվում են կողմերի միջև, հակամարտությունը լուծվում է: Բայց մեր քաղաքական միտքը հեռու է դրանից: Ադրբեջանի համար էական է, թե ոնց է ՄԽ-ն վերաբերվում այս հարցին, որովհետև գուցե վաղը ճանաչե՞ն Ղարաբաղը…: Իսկ երբ ճանաչվեց, հարցը կլուծվի»,- նշեց Մանվել Սարգսյանը:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը մտահոգված նոր Սահմանադրության դրույթով, որով երկրի անվանումը ամրագրվում է որպես Արցախի Հանրապետություն, երբ գործող Սահմանադրության մեջ ասվում է, որ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինները իրավազոր են, քաղաքագետը նկատեց, որ նշանակություն կա անվանման մեջ։
«Իհարկե, հին Սահմանադրության մեջ կա, բայց ... Մի քիչ գործող վարչակարգը շահարկում է այդ խնդիրը՝ փորձելով ամեն կերպ ցույց տալ փոփոխության նշանակությունը: Երկրում շատ հարցեր կան՝ ինչո՞ւ է արվում, շատերն ասում են, թե ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում, փոփոխություններն արվում են, որ գործող վարչակարգն ընդունվի: Այդ ամենի մեջ ճշմարտություն կա: Բայց այսպես թե այնպես «Արցախի Հանրապետություն» տերմինը Ադրբեջանին մտահոգում է, որովհետև միջազգայնորեն մարդիկ կարող են ճանաչել երկիրը հենց Արցախ անունով»:
Մանվել Սարգսյանը նաև ասաց, որ Ադրբեջանը շատ լուրջ է ընդունում, երբ պետությունները ճանաչում են Ղարաբաղի անկախությունը, ամեն մանրուքից բռնում են, «սև ցուցակներ» են հրապարակում՝ ցույց տալով, թե իրենց տարածքն է, իրենց ներքին գործը:
Մանրամասները՝ տեսանյութում