Կարմիր խաչը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը Աֆղանստանում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ժամանակավորապես սառեցնում է իր գործունեությունն Աֆղանստանում, որտեղ կոմիտեի 6 աշխատակից է սպանվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով Կարմիր խաչի գործողությունները համակարգողին:
«Ներկա պահին մեր գործողությունները սառեցվել են, քանի որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, նախքան գործունեությունը վերսկսելը», - ասել է գործակալության աղբյուրը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 աշխատակից է սպանվել Աֆղանստանում, ևս երկուսը անհետ կորել են Ջաուզջան նահանգում: Կոմիտեի տվյալներով` գյուղատնտեսական իրեր տեղափոխող տրանսպորտային շարասյունը, որում 3 վարորդ և 5 աշխատակից է եղել, հարձակման են ենթարկվել անհայտ զինված անձանց կողմից: