Չեմ տեսնում որևէ խնդիր՝ ինչու պետք է չայցելել ԼՂ. իսրայելցի պետական գործիչ
Բլոգեր Լապշինի արտահանձնումը Բաքվին դժվար թե ազդի Իսրայել-Բելառուս և Իսրայել-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վրա: Tert.am-ի հետ զրույցում ասաց իսրայելցի պետական գործիչ, իսրայելական «Նատիվ» հատուկ հետախուզական գործակալության նախկին ղեկավար Յակով Կեդմին:
«Իսրայելը բլոգեր Լապշինի հետ տեղի ունեցածը չի դիտարկում որպես միջպետական քաղաքական հարց: Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է: Ռուսաստանն էլ, որքան գիտեմ, փորձում էր հարցը լուծել: Բայց մտածել, որ միջպետական հարաբերությունները կվատթարանան տեղի ունեցածից հետո, չեմ կարծում: Լինում են նման բաներ: Մեր քաղաքացիները հայտնվում են նման իրավիճակներում»,- ասաց Յակով Կեդմին:
Վերջինս նշեց, որ Իսրայելի համար տեղի ունեցածը տհաճ էր, ինչպես նաև չէր համապատասխանում իրենց սկզբունքներին:
«Ոչ բոլոր երկրներն են վարվում այնպես, ինչպես մենք կցանկանայինք: Բայց կրկնում եմ, որ տեղի ունեցածը Իսրայելի կողմից, որքանով ես եմ տեղյակ, չի դիտարկվում որպես քաղաքական ակցիա, որը կազդի մեր հարաբերությունների վրա Ադրբեջանի կամ Բելառուսի հետ»,- նշեց իսրայելցի պետական գործիչը:
Ըստ նրա՝ Իսրայելում հասարակական-քաղաքական շրջանակները հարցը դիտարկում են որպես խոսքի ազատության դեմ ոտնձգություն, մարդու հիմնարար իրավունքի խախտում:
Իսկ հարցին՝ Իսրայելի իշխանությունները իրականացրի՞ն հնարավորը, որ Բելառուսը չարտահանձնի Լապշինին, Յակով Կեդմինը խոստովանեց, որ բանակցությունները, որոնք վարվում էին Իսրայելի կողմից, դժվար է գնահատել, քանի որ փակ էին ընթանում:
«Բայց այն, որ բանակցություններն անհաջող էին, փաստ է, մենք չհասանք այն արդյունքին, որին ձգտում էինք: Բայց եղավ այն, ինչ եղավ»,- ավելացրեց պետական գործիչը:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ օրինակ՝ Իսրայելից Լեռնային Ղարաբաղ այցելել ցանկացող մարդիկ Լապշինի նախադեպից հետո կարող են վախենալ այցելել Արցախ, ապա Յակով Կեդմին նշեց, որ Իսրայելից տուրիստական հոսքը դեպի Հարավային Կովկաս մեծ չէ, բայց ինքը չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու պետք է չայցելել Ղարաբաղ:
«Չեմ տեսնում որևէ խնդիր՝ ինչո՞ւ չայցելել Ղարաբաղ: Պարզապես ցանկացողները պետք է հաշվի առնեն, որ պետք չէ դրանից հետո միանգամից այցելել Ադրբեջան»,- մանրամասնեց Կեդմին:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգերը, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:
Բլոգերը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Բելառուսի Գերագույն դատարանն ավելի վաղ մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ, ինչից հետո փետրվարի 7-ին Լապշինին հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու։