Ես կաշխատեմ ընտրված խորհրդի անդամի հետ, ով էլ ընտրվի. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատը հարթակ է տրամադրել խորհրդի անդամների թեկնածուներին, ինչը քաղաքակիրթ նախընտրական մշակույթ է: Այսօր բանավեճ-քննարկում կապահովվի փաստաբանների և թեկնածու փաստաբանների միջև:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների փետրվարի 11-ին ընտրությանն առաջադրված թեկնածուների բանավեճ-քննարկմանը, որին 39 թեկնածուներից ներկայացել էին 21-ը:
Հարցին, թե արդյոք քննարկում-բանավեճը կարելի՞ է կայացած համարել, այն դեպքում, երբ հրապարակայնորեն դեմ արտահայտվող փաստաբանները բացակա փաստաբանների թվում են, Արա Զոհրաբյանն ասաց. «Փաստաբանների պալատը հարթակը տրամադրում է, այսինքն՝ նման հնարավորություն է ստեղծում: Եթե կողմերից մեկը կամ որևէ փաստաբան ու թեկնածու չի ցանկանում մասնակցել, դա իր իրավունքն է: Մենք հարթակն ենք տրամադրել, որը լավ հնարավորություն է գալ և իր միտքն արտահայտել, ներկայացնել իր ծրագրերը կամ առարկել մեկ այլ անձի»:
Հարցին, թե նախընտրական աղմուկից ի՞նչ է կանխատեսում ՓՊ-ի նախագահը խորհրդի ընտրություններից հետո և արդյոք այն չի նմանվելո՞ւ քաղաքական ընտրության, Արա Զոհրաբյանն ասաց, որ առհասարակ ընտրությունը քաղաքական գործընթաց է. «Ես կաշխատեմ ընտրված խորհրդի անդամի հետ, ով էլ ընտրվի»: