Բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից. ԼՂՀ ԱԳՆ
Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։
Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ պատասխանելով Artsakhpress-ի՝ հարցին, թե ինչպե՞ս են մեկնաբանում Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Ալեսանդր Լապշինի գործով բողոքը։
«Մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու և քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաև օրինականության և արդարության սկզբունքներից»,-ասել են ԼՂՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ հայտնի բլոգերը, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը: