Նորածինների սեռերի անհամամասնությունը կրճատվում է. 2016 թ. ավելի շատ աղջիկ է ծնվել
Նորածինների սեռերի անհամամասնության կրճատման ծրագիրը նպաստել է ինչպես աբորտների նվազմանը, այնպես էլ ավելի շատ աղջիկների ծնվելուն:
Հայաստանում նախորդ 3 տարիների համեմատ 2016 թ. ավելի շատ աղջիկ է ծնվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Այսպես. եթե 2013, 2014, 2015 թթ. 100 աղջկա դիմաց ծնվել է 114, 115 տղա, ապա 2016 թ. 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա: Գայանե Ավագյանի խոսքով՝ ժողովրդագրական այս միտումին նպաստել է Կառավարության 2016 թ. հաստատված ծրագիրը, որով նպատակ էր դրվել կրճատել նորածինների սեռերի անհամամասնությունը:
«Ակնհայտ է, որ ծրագրի ընթացքում մենք ունենք կայունություն: Հասկանում եք` սա մի ամսում, մեկ տարում լուծվելիք խնդիր չէ, բայց նվազումը առկա է, դա փաստ է: Կարծում եմ՝ արդեն գործընթացը սկսվել է և այն պետք է շարունակություն ունենա: Մարդիկ պետք է հասկանան, որ կարևոր է առողջ երեխա ունենալ, և ոչ թե աղջիկ կամ տղա»,- ասաց նա:
Մասնագետի տեղեկացմամբ՝ նորածինների սեռերի անհամամասնության կրճատմանը, և, ընդհանրապես, աբորտների նվազեցմանը նպաստել են նաև 2016 թ. իրականացված օրենսդրական փոփոխությունները:
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվեց, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն անթույլատրելի են: Բացի դրանից՝ այժմ կնոջը հղիության արհեստական ընդհատման համար տրվում է 3 օր ժամանակ, որպեսզի նա ևս մեկ անգամ մտածի ընդհատում կատարելու նպատակահարմարության մասին»,- նշեց Գայանե Ավագյանը:
Հակոբ Ասլանյան