Գագիկ Հարությունյանը Ղազախստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նկատառումներով հանդես կգա
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին առաջարկել են մասնակցել Ղազախստանում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին, հանդես գալ՝ նկատառումներով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Վերջինս նշեց, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտերկրում, նոր մայր օրենքը ուսումնասիրելու համար բավականին մեծ թվով ցանկացողներ են հանդես եկել: Ինչից հետո Վենետիկի հանձնաժողովից Գագիկ Հարությունյանին առաջարկել են զեկույցով հանդես գալ Ղազախստանի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
«Ղազախստանը պատրաստվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ հիմնականում 18 կետերով: Դիմել են Եվրախորհրդարանի Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի վերջինս պաշտոնապես եզրակացություն ներկայացնի Ղազախստանի նոր մայր օրենքի հայեցակարգի վերաբերյալ: Ինձ՝ որպես Վենետիկի հանձնաժողովի, Բյուրոյի անդամի դիմեցին, որպեսզի զեկուցողներից մեկը ես լինեմ»,- հայտնեց Գագիկ Հարությունյանը:
ՍԴ նախագահն ասաց, որ ինքը համաձայնել է հանդես գալ նկատառումներով: Հարությունյանն ասաց, որ եզրակացությունը դեռևս պատրաստ չէ, կատարվում է ուսումնասիրություն, որը պիտի հաստատվի Վենետիկի հանձնախմբի կողմից:
Իսկ Ղազախստանի Սահմանադրական փոփոխություններն, ըստ Գագիկ Հարությունյանի, ենթադրում են նախագահի լիազորությունների թուլացում: «Ղազախստանում կառավարման ձևի ընդհանուր փոփոխություն չի կատարվել: Իրենց իսկ առանձնահատկությունների տեսանկյունից էվոլյուցիոն զարգացման ճանապարհով են գնում՝ փոքր փոփոխություններ կատարելով: Այս պարագայում նախագահի լիազորությունները թուլացնում են, ուժեղացնում են խորհրդարանի, կառավարության լիազորությունները, ցանկանում են իշխանությունների բաժանման, հավասարակշռման բալանսը բարձրացնել, նախագահի գերդերակատարումը թուլացնել: Մնացած հոդվածների փոփոխությունն ուղված է այդ նպատակի իրականացմանը»,- հավելեց Գագիկ Հարությունյանը: