ԻՊ-ի գրոհայինները պայթեցրել են Արևելյան Մոսուլի գլխավոր ջրամբարը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները խոշորագույն դիվերսիոն գործողություններ են իրականացրել Արևելյան Մոսուլի` իրենց վերահսկողության տակ չգտնվող շրջանում, ինչի հետևանքով վթարվել է ջրի գլխավոր ջրամբարը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին, Տիգրիս գետի ձախ ափին գտնվող կենտրոնական ջրամբարը վթարվել է, և քաղաքի արևելյան շրջանի թաղամասերի մեծ մասը մնացել է առանց ջրամատակարարման:
Պայթյունի ալիքը մեծ վնաս է հասցրել մոտակայքում տեղակայված տներին: Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել:
Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական ուժերն անցյալ տարվա հոկտեմբերից ռազմարշավ են իրականացնում երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի ազատագրման ուղղությամբ:
Հունվարի 24-ին իրաքյան հրամանատարությունը հայտարարել էր քաղաքի արևելյան մասը գրոհայիններից ամբողջությամբ ազատագրելու մասին: