Կոնյակի արտադրանքը ծավալային առումով աճել է, գնային առումով՝ ոչ. Ավագ Հարությունյան
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2015 թ.համեմատ 2016 թ. Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 27 %-ով և կազմել է 21, 529 մլն լիտր: 2016 թ. 14,8 %-ով աճել է նաև գինու արտադրությունը՝ հասնելով 6, 809 մլն լիտրի: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական կոնյակի և գինու արտադրության ծավալների մեծացումը կապված է ռուսական շուկայում դիրքը չկորցնելու հետ:
«Կոնյակի արտադրանքը միայն ծավալային առումով է աճել, գնային առումով այդպես չէ: Ուղղակի հիմա էժանացրել են արտադրանքը, որպեսզի ռուսական շուկայում չկորցնեն դիրքը: Իսկ հայկական կոնյակի մեծ մասը՝ 81-90 %-ը արտահանվում է Ռուսաստան: Նույն իրավիճակն էլ գինու հետ կապված է»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով՝ հայկական կոնյակ և գինի արտադրողների համար իրավիճակը գնալով լավանում է և այդ դրական միտումները շարունակվելու են 2017 թվականին: Նրա տեղեկացմամբ՝ 2014 և 2015 թթ. հայ արտադրողները աշխատել են վնասով, 2016 թ.՝ զրոյական օգուտներով, իսկ հաջորդ տարվանից արդեն կաշխատեն շահույթով:
Ինչ վերաբերում է նախորդ տարիներին հանդիպած խաղողի մթերման խնդիրներին, Հարությունյանը նշեց. «Կարծում եմ, որ նման խնդիր չի լինի: Անցած տարի բերք չկար և այս տարի ամբողջությամբ կսպառեն նախանցած տարվա բերքը: Եթե այս տարի անգամ խաղողի գերարտադրություն լինի, ընկերությունները ստիպված պետք է վերցնեն, որովհետև իրենք սպառելու են իրենց ծավալների մեծ մասը: Այնպես որ, խնդիրներ չեն լինի»: