Ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելը Հայաստանի նման երկրներում հնարավոր չէ. տնտեսագետ
Ներմուծվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու քաղաքականությունը Հայաստանի պես երկրներում հնարավոր չէ իրականացնել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, ըստ որի՝ պատկան մարմինները առաջարկություն պիտի ներկայացնեն ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:
Աշոտ Եղիազարյանը հիշեցրեց, որ ժամանակին տարբեր ապրանքների մասով նման փորձ կատարվել է, սակայն գործնականում հայկական արտադրանքը հնարավոր չի եղել փոխարինել ներմուծվող ապրանքներով ինչպես ծավալների, այնպես էլ որակի առումով։
«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձեր արվեցին, փոքրիկ հաջողություններ եղան, բայց ձախողվեց, որովհետև շուկան մեծ չէ, մարդաքանակը փոքր է, գնողունակությունը՝ քիչ: Այս քաղաքականության ժամանակները անցել են: Ներմուծվող ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինելու քաղաքականությունն արդյունքներ կարող է ապահովել մեծ շուկա ունեցող երկրների համար, որտեղ սպառումը մեծ է, բայց փոքր երկրների համար սա անիրականանալի տարբերակ է: Չնայած, առանձին ոլորտներում, օրինակ, գյուղատնտեսության մեջ, սա կարող է կիրառվել»,- ասաց տնտեսագետը:
Տնտեսագետը նկատեց, որ Ռուսաստանում այժմ տարվում նման քաղաքականություն, և Հայաստանն ամենայն հավանականությամբ հենց այս օրինակից է վարակվել, «կրկնօրինակել է»:
Ամփոփելով՝ տնտեսագետն ասաց, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստան ներմուծվող ապրանքը լինելու է ոչ միայն ավելի որակով, այլև՝ էժան, քանի որ միության անդամ երկրները մեր նկատմամբ առավելություններ ունեն. ռեսուրսները մեծ են, էներգակիրները՝ էժան:
«Ռուսաստանի Դաշնությունն այս քաղաքականությամբ կարող է հաջողության հասնել, բայց ՌԴ շուկան հակասության մեջ է մտնում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականության հետ: Հայաստանը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միությանը, ընդհանուր շուկային, բայց սա կհանգեցնի նրան, որ մեր շուկայում տեղական արտադրողները (նկատի ունի ԵԱՏՄ անդամ երկրների – Tert.am) կարող են դուրս մղել տեղական (հայկական – Tert.am) արտադրանքը ու մենք կունենանք հակառակ պատկերը: Սա հօգուտ Հայաստանի լինել չի կարող, իրողություններն այլ են, պայմաններ չկան»,- շեշտեց Եղիազարյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է այդ դեպքում վարչապետը նման հանձնարարական արել, արդյոք հաշվարկներ չե՞ն արվել, նախկին ձախողված փորձը չի ուսումնասիրվել, ապա տնտեսագետը պատասխանեց, որ երկիրը զրկված է ինքնուրույն տնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորություններից, տնտեսական ցուցանիշները վատթարանում են, ուստի կառավարությունը փորձ է անում փոխառել մոդելները՝ իրավիճակը մեղմելու համար: Սակայն, ըստ նրա, նման փոխառությունը Հայաստանում կիրառելի չէ:
«Ռուսաստանը հարկադրված է այս քաղաքականությունն իրականացնել, մեկուսացվել, որովհետև սանկցիաների տակ է: ՌԴ-ն ունի համեմատական առավելություններ ՀՀ նկատմամբ՝ էներգակիրների գների առումով և մի շարք այլ հարցերում, դրա համար Հայաստանի կողմից ստեղծված պոտենցիալ արտադրանքը կլինի ոչ մրցունակ ԵՏՄ շուկայում»,- մանրամասնեց Եղիազարյանը: