Volkswagen-ը պատրաստվում է ԱՄՆ-ին 4,3 միլիարդ դոլար վճարել «դիզելային սկանդալի» կարգավորման շրջանակում
Գերմանական Volkswagen ընկերությունը պատրաստվում է ամերիկյան իշխանություններին 4,3 միլիարդ դոլար վճարել «դիզելային սկանդալի» կարգավորման շրջանակում: Այդ մասին ասված է ընկերության հրապարակած հաղորդագրությունում, գրում է ТАСС-ը:
«Volkswagen-ը հաստատում է, որ ընկերությունն ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնագիր է մշակել, որը ենթադրում է 4,3 միլիարդ դոլարի չափով տուգանքի վճարում, ինչպես նաև հսկողության համակարգի հետագա ամրապնդման ուղղությամբ լրացուցիչ քայլեր և առաջիկա երեք տարվա համար անկախ դիտորդի հատուկ պաշտոնի ստեղծում»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ իշխանությունների սկսած հետաքննությունների հետևանքով Volkswagen-ը ստիպված է եղել խոստովանել, որ ամբողջ աշխարհում վաճառվել է 11 միլիոն ավտոմեքենա, որոնցում ծրագրային ապահովում է տեղադրված եղել, որը թույլ է տվել փոփոխության ենթարկել բնապահպանական չափանիշներին շարժիչների համապատասխանության վերաբերյալ թեստերի արդյունքները: Իրականում Volkswagen-ի դիզելային ավտոմեքենաների պատճառած աղտոտումը 40 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը:
Սկանդալի պատճառով կոնցեռնը ստիպված է եղել զանգվածաբար հետ կանչել իր մեքենաները եվրոպական շուկայից՝ տեխնիկական խարդախությունները վերացնելու համար: 2016 թվականի հունիսին Volkswagen-ը համաձայնել է ԱՄՆ-ին 14,7 միլիարդ դոլար վճարել պատճառած վնասը փոխհատուցելու համար: