Լեհաստանի արտգործնախարարին ծաղրել են գոյություն չունեցող երկրից գործընկերոջ հետ հանդիպման մասին խոսքերի համար
Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն համացանցում ծաղրել են գոյություն չունեցող երկրից գործընկերոջ հետ հանդիպելու մտադրության մասին խոսքերի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարը, ով աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, հանդիպումներ է անցկացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների կազմում իր երկրի թեկնածությանն աջակցելու համար:
«Մենք տարբեր նախարարների հետ մոտ 20 հանդիպումների մասին առաջարկներ ունենք: Օրինակ՝ Կարիբյան որոշ երկրների հետ, հնարավոր է՝ մեր դիվանագիտության պատմության մեջ առաջին անգամ: Օրինակ՝ Սան Էսկոբարը կամ Բելիզը»,- ասել է Վաշչիկովսկին լեհական Polsat հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Այդ հայտարարությունից հետո Twitter-ում հայտնվել է #SanEscobar հեշթեգը, ինչպես նաև Սան Էսկոբարի դեմոկրատական հանրապետության էջը, որտեղ մի քանի ժամվա ընթացքում տեղադրվել են Լեհաստանի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու, ավիահաղորդակցություն սկսելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Վարշավայի թեկնածությունը պաշտպանելու մասին հրապարակումներ:
Քննադատության և ծաղրի ալիքից հետո Լեհաստանի ԱԳՆ-ում բացատրել են Վաշչիկովսկու խոսքերը՝ նշելով, որ նախարարը սխալվել է, նա նկատի է ունեցել Սենթ Կիթս և Նևիսի արտգործնախարարի հետ իր հանդիպումը: