Սիրում եմ քեզ, Բարաք. Միշել Օբաման պատասխանել է ամուսնու հուզիչ ելույթին (լուսանկար)
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Twitter սոցկայքի իր միկրոբլոգում նոր գրառում է արել ի պատասխան ամուսնու՝ նախագահ Բարաք Օբամայի՝ Չիկագոյում ունեցած հուզիչ ելույթին:
«Այնքան հպարտ եմ @POTUS-ով (Օբամայի օգտահաշվի անվանումը Twitter-ում-Tert.am) և այն ամենով, ինչին մենք հասել ենք միասին: Դա մի անհավանական ուղևորություն էր՝ հարուստ շատ կարևոր մարդկանցով: Սիրում եմ քեզ, Բարաք»,-գրել է Միշել Օբաման` կից հրապարակելով ընտանեկան արխիվից ջերմ լուսանկար:
Հիշեցնենք, որ Օբաման Չիկագոյում հանդես է եկել երկրի ղեկավարի պաշտոնում վերջին՝ հրաժեշտի խոսքով, որի շրջանակում անդրադարձել է նաև իր ընտանիքին:
Մասնավորապես կնոջը՝ Միշել Օբամային ուղղված շնորհակալական խոսքում նախագահը չի կարողացել զսպել հուզմունքն ու մի պահ արտասվել է:
«Անցած 25 տարվա ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաների մայրը, այլև՝ լավագույն ընկերս: Դու ստանձնեցիր մի պարտականություն, որի մասին չէիր երազում, բայց յուրացրիր այդ դերը մեծ վեհությամբ ու քաջությամբ: Դու ստիպեցիր ինձ և ամբողջ երկրին հպարտանալ»,-ասել է Օբաման՝ հուզված նայելով կնոջը:
Այս խոսքերից հետո բոլոր ներկաները ոտքի են կանգնել ու բուռն ծափահարել առաջին տիկնոջը:
Հետաքրքրական է, որ Օբամայի հուզական ելույթն անտարբեր չի թողել նրա ավագ դստերը` Մալիային, ով, լսելով հոր՝ մորն ուղղված ջերմ ու անկեղծ խոսքերը, չի կարողացել զսպել արցունքները: