2016թ. շտապօգնության կանչերի թիվը աճել է, բայց նվազել է սիրտանոթային հիվանդություններով պայմանավորված կանչերի թիվը. պաշտոնյա
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց 2016 թվականին ծառայության աշխատանքը: Նա հայտնեց, որ անցած տարի կատարել են 247 496 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 49 432 հիվանդ, մանկական կանչերը եղել են 25 270-ը, և հիվանդանոց է տեղափոխվել 9 109 երեխա:
«Հիմնական կանչեր եղել են սիրտանոթային հիվանդություններով տառապող հիվանդների կողմից, ապա սուր շնչառական հիվանդություններով տառապողները, այնուհետև՝ տրավմաները»,-ասաց նա և հայտնեց, որ այս 2016 թվականին նախորդ տարվա համեմատ սիրտանոթային հիվանդությունների տոկոսը պակասել է, սակայն բարձրացել է սուր շնչառական հավանությունների քանակը և տրավմաների քանակը:
Թագուհի Ստեփանյանն ասաց, որ 2015 թվականի համեմատ 2016 թվականին կանչերի թիվը աճել է 9286-ով: Ըստ նրա՝ շտապօգնության ծառայության նկատմամբ վստահությունը բավականին բարձրացել է, քանի որ այն հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, դեղամիջոցներով, և բժիշկներն էլ պատշաճ ձևով կատարում են իրենց աշխատանքը: Նա ասաց, որ մայրաքաղաքը սպասարկում է 36 շտապօգնության մեքենա, բժիշկները հիվանդի մոտ պետք է մնան 20 րոպե։ Հատկապես կարևորվում է անհետաձգելի հիվանդներին հասնելու հարցը. այսպիսի դեպքերում շտապօգնության մեքենան պետք է հիվանդին հասնի 9-10 րոպեի ընթացքում: