Ամանորյա տոներին շտապօգնության կանչերի թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ. Թագուհի Ստեփանյան
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ամանորյա շրջանում գրանցված կանչերի թիվը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 7544 կանչ է գրանցվել, որը 971 կանչով պակաս է անցած տարվա համեմատ: Սննդային թունավորման դեպքեր ամանորյա օրերին չեն գրանցվել և համեմատաբար ավելի հանգիստ օրեր են անցել:
«Դեկտեմբերի 30-ից մինչ այսօր տրավմաների համար եղել է 24 կանչ, որը վերաբերել է նաև վթարներից ստացված տրավմաներից և այդ թիվը նախորդ տարում ավելի է եղել»,- ասաց նա:
Թագուհի Ստեփանյանն ասաց, որ տոնական օրերին բնակչության կողմից բողոքներ չեն ստացել, նոյեմբեր ամսին են եղել, երբ կանչերի թիվը 920-ի էր հասնում:
ՓԲԸ տնօրենն ասաց, որ միջինը օրեկան կատարում են 700-750 կանչ, սակայն հիվանդանոց տեղափոխվում է 120-150 հիվանդ, այսինքն՝ տասնհինգից քսան տոկոսը, ինչը ցույց է տալիս, որ ոչ բոլոր կանչերն են շտապօգնության կանչեր և երևի պայմանավորված են այն հանգամանքով, որ մարդիկ ավելի շատ գերադասում են շտապօգնություն դիմել: