Թրամփին զեկուցել են, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն իր մասին կոմպրոմատներ ունեն. CNN
ԱՄՆ հետախուզական գործակալությունների ղեկավարներն անցած շաբաթ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են տեղեկությունների ամփոփագիր այն մասին, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կոմպրոմատ հանդիսացող անձնական տեղեկություններ ունեն Թրամփի մասին: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով զեկուցումներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաների:
Նշվում է, որ զեկույցների մանրամասները սկսել են շրջանառվել աշնանը և հայտնի են եղել լրագրողներին և Վաշինգտոնում քաղաքական գործիչներին:
Պաշտոնյաների խոսքերով՝ CNN-ի ներկայացրած երկէջանոց զեկույցը ներկայացվել է որպես ամերիկյան նախագահական ընտրությունների ժամանակ ռուս հաքերների միջամտության մասին հետախուզական ծառայությունների զեկույցի հավելված:
Ամերիկյան հատուկ ծառայություններն իրենց զեկույցում մասնավորապես հիմնվել են բրիտանական հետախուզության նախկին աշխատակցից ստացած տեղեկատվության վրա, որն իր տեղեկությունները ստացել է ռուսական աղբյուրներից:
CNN-ի տեղեկություններով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է ստուգել այդ տվյալների իսկությունը:
Այդկերպ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները եկել են եզրակացության, որ Ռուսաստանը կոմպրոմատ է ունեցել նախագահի երկու թեկնածուների դեմ, բայց հրապարակել է միայն Հիլարի Քլինթոնի մասին բացասական տեղեկատվություն:
Հետախուզական գործակալությունները գնացել են չհաստատված տեղեկությունները զեկուցելու որոշմանն այն պատճառով, որ դա այնքան պայթունավտանգ են համարել, որ որոշել են՝ Օբաման և Թրամփը պետք է տեղեկացված լինեն այդ մասին. նրանք մտահոգված են եղել, որ մինչ այդ՝ տեղեկատվությունը կարող էր արտահոսել լրատվամիջոցներում:
«Կեղծ լուրեր՝ ամբողջովին քաղաքական վհուկների որս»,- ավելի ուշ Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
Նշվում է, որ բրիտանացի նախկին գործակալի հայտնած տեղեկությունների հիման վրա պատրաստված զեկույցը որպես հետազոտություն պատվիրված է եղել նախ Թրամփին դեմ հանրապետականների, իսկ այնուհետև դեմոկրատների կողմից:
Ինչպես նշում է CNN-ը, ամերիկացի պաշտոնյաների խոսքերով՝ բրիտանական հետախուզության նախկին աշխատակիցը վստահելի է, չնայած նա հայտնել է ռուսական աղբյուրներից ստացած տեղեկություններ, որոնք ամերիկյան հետախուզությունը դեռ չի հաստատել:
Տեղեկությունները, բացի Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին հաղորդումներից, ներառում են նաև 2013 թվականին Մոսկվայում գտնվող հյուրանոցում մարմնավաճառների հետ Թրամփի սեքս-տեսանյութեր, որոնք պատրաստվել են որպես «կոմպրոմատ»՝ ապագայում Թրամփին շանտաժի ենթարկելու նպատակով: