«Հունվարի 10-ին ոչ մի սռոկ չի լրանում, շարունակելու եմ պաշտոնավարել». Մամիկոն Ասլանյան
Հունվարի 10-ին Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը դիմելու է կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու մասին պահանջով՝ հիմնավորելով, որ անգործունակ ավագանի է ձևավորված։
Tert.am-ի հետ զրուցում Քրիստ Մարուքյանը նշեց, որ Վանաձորի ավագանին երեք ամիսների ընթացքում քաղաքին վերաբերող ոչ մի որոշում չի կայացրել,ավագանու նիստեր չեն գումարվել և օրենքի շրջանակներում այն պետք է լուծարվի։
«Եթե կառավարությունը լուծարման որոշում չկայացնի, ապա, ըստ օրենքի, 6 ամիս հետո, եթե նիստեր չգումարվեն, որոշումներ չկայացնեն ինքնըստինքյան ավագանին կլուծարվի, արդեն երեք ամիս անցել է»,-մանրամասնեց նա։
Tert.am-ի հետ զրուցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մեկ նիստ գումարվել է հոկտեմբերի 10-ին։
«Թող օրենքը կարդան հոկտեմբերի 10-ին ոչ մի սռոկ չի լրանում,դրանք ստահոդ, մտացածին տեղեկություններ են»,- մանրամասնեց նա։
Անդրադառնալով հարցին, թե գուցե հրաժարական ներկայացնի քաշքշուկի մեջ չընկնելու համար, Մամիկոն Ասլանյանը նշեց, որ հրաժարական չի ներկայացնելու, ինչ քայլերի ուզում են թող ավագանու անդամները դիմեն, շարունակելու է պաշտոնավարել։
Քրիստ Մարուքյանն էլ ընդգծեց, որ Մամիկոն Ասլանյանը օրենքում բառերի, տառերի ետևից է ընկնում, այնինչ օրենքի տրամաբանությունը պարզ է և փաստ է այն, որ քաղաքի համար ավագանու կողմից գործ չի արվել։
«Հոկտեմբերի 10-ի խայտառակությունը համարում են ավագանու կայացած նիստ, մենք դա նիստ չենք համարում»,- եզրափակեց նա։