Հարցված քաղաքական գործիչներից 2-ը պնդում են, որ ամեն Աստծո օր բարի գործ են անում
Հոգեբաններն ասում են, որ տարվա ընթացքում արվածի ու չարվածի, լավ ու վատ գործերի մասին խորհելու հակում մարդիկ ունենում են հատկապես տարեվերջին` կտրված լինելով առօրյա հոգսերից ու Նոր տարվա «մոտ լինելու» բերումով:
Այս իմաստով, Tert.am-ին հետաքրքիր էր, թե ինչպես են հայաստանյան քաղաքական գործիչները գնահատում իրենց մեկ տարին` նախորդ Ամանորից մինչև Նոր տարի` բարի գործեր անելու իմաստով:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, օրինակ, ասաց, որ ամեն օր բարի գործ է անում, բայց իր արած բարի գործերի մասին երբեք չի բարձրաձայնում:
«Երբեք հաշվարկ չեմ տանում, դրա համար թույլ տվեք զերծ մնամ իմ մասին նման գովազդող բաներ ասելուց»,-ասաց Մամիկոն Ասլանյան։
Պատասխանելով հարցին, թե, այնուամենայնիվ, արե՞լ է, ասաց. «Իհարկե արել եմ, ամեն օր: Ու նոր չեմ սկսել, այլ միշտ էլ, ինչքան հնարավորություններս ներել է, տենց մարդ չկա, որ ինձնից գոնե բավարարված պատասխանով չգնա»:
Գյումրեցի հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ կրկնեց Մամիկոն Ասլանյանին` ասելով. «Բարի գործ ամեն օր ենք անում, ու հիմա կոնկրետ ասել՝ այս գործը ես համարում եմ ամենաբարի գործը… Իմ բնավորությամբ ես ամեն օր փորձում եմ մարդկանց օգտակար լինել»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Բարի գործերի մասին պետք է մտածել ոչ թե ժամը 12-ից մի քանի վայրկյան առաջ, այլ պիտի բարի գործը անես և դրա մասին լռես, և պետք չէ բարի գործ անելուց անմիջապես հետո Աստծուն «սչյոտ ֆակտուրա ներկայացնել քո արած գործերի համար` պահանջելով «փոխհատուցում»: Այնպես որ, թույլ տվեք դրա մասին լռել»:
Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հայտնեց, որ առաջնորդվում է հայտնի սկզբունքով` «լավություն արա, գցիր ջուրը»:
«Արդյո՞ք բարեգործությունների մասին պետք է պատմվի»,-ասաց Թևան Պողոսյանն ու նկատեց, որ ֆեյսբուքյան օգտատերերի որոշ շնորհակալական գրառումներից կարելի է ենթադրել, որ տարվա ընթացքում բարի գործեր արել է: