Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է ակտիվացնի. փորձագետ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի խոսքով՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է ակտիվացնի: Նա Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով անցած տարվա մեր արտաքին քաղաքականությունը, նշեց, որ Հայաստանը վարում է իներցիոն քաղաքականություն դեռևս 1990-ականներից, և մինչև հիմա շատ քիչ փոփոխություններով, բայց նույն շեշտադրմամբ տանում է այդ քաղաքականությունը: Նրա խոսքով՝ դա վերաբերում է ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այնպես էլ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այլ երկրների հետ մեր հարաբերություններին: Ըստ Գևորգ Մելիքյանի՝ դինամիկ, մեծ փոփոխություններ մեր արտաքին քաղաքականությունում այս ընթացքում չեն արձանագրվել:
2016 թվականի արտաքին քաղաքականությունը՝ ըստ փորձագետի.
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ
Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելը Հայաստանի վրա շատ թանկ է նստում, և դա արտահայտվում է և՛ Լեռնային Ղարաբաղում լարվածություն ստեղծվելու գնով, և՛ տարածաշրջանում Հայաստանի դերի նվազմամբ, և՛ Եվրամիության հետ հարաբերությունների վատացմամբ:
Թեև Հայաստանը կարծում է, որ վարում է կոմպլեմենտար, հավասարակշռող, և-և-ի քաղաքականություն, արդյունքում ստացվում է, որ Հայաստանի համար Ռուսաստանը մի կողմում է, մնացած բոլորը՝ մեկ այլ, այդ հարաբերությունները ստորադասվում են Ռուսաստանին, ինչը գլոբալ սխալ է հայկական քաղաքականության համար, անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար:
Հայաստան-Իրան հարաբերություններ
Այստեղ կարող եմ ասել, որ խոսքերը շատ են, գործերը՝ քիչ: Պետք է կոնկրետ քայլեր տեսնել. Հայաստանի և Իրանի հարաբերություններն իսկապես շատ լավ են, բայց Հայաստանը բոլոր իր հարաբերություններում շատ զգուշավոր է:
Եթե խոսենք ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև հնարավոր համագործակցության մասին, պետք է նշենք, որ Հայաստանը որոշող չի ԵԱՏՄ-ում, որոշումները Մոսկվայից են գալիս, և դա նվազեցնում է Հայաստանի օպերատիվությունն ու քայլերի գրավչությունը: Սա, Իրանը հաշվի առնելով, իր քայլերը կհամաձայնեցնի Մոսկվայի հետ:
Այս հարաբերություններում մյուս խնդիրը փողն է: Հայաստանը փող չունի, դժվար թե կարողանա գումար ծախսել ենթակառուցվածքների վրա: Դժվար է պատկերացնել, թե որտեղից գումար կհատկացվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհն ավարտին հասցնելու համար: Պարսից ծոցը Սև ծովի ավազանին կապելու համար գործնական քայլեր են պետք:
Իրանի հետ Հայաստանն իր հարաբերությունները պետք է տասնապատիկ լավացնի: Նա Հայաստանին բարեկամ միակ երկիրն է, որը լուրջ կշիռ ունի տարածաշրջանում: Հիմա, երբ Իրանը լավացրել է իր հարաբերություններն Արևմուտքի հետ, Հայաստանը պետք է օգուտ քաղի դրանից:
Նաև պետք է հասկանալ, որ Իրանը հիմա փորձելու է բոլորի հետ իր հարաբերությունները լավացնել, բոլոր տարբերակներն օգտագործելու է իր շահերն առաջ տանելու համար, այդ թվում՝ համագործակցելու է Ադրբեջանի հետ:
Հայաստան-ԱՄՆ
Միացյալ Նահանգները բավականին ակտիվացրել է իր հարաբերությունները Հայաստանի հետ: Չպետք է մոռանալ, որ երկու երկրների միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր է կնքվել: ԱՄՆ-ն միանշանակ որոշել է Հայաստանում ակտիվանալ, դրա մասին են խոսում նաև տարատեսակ հայտարարությունները, ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Հայաստանն առավել ակտիվ ներդրումային քաղաքականություն վարի:
Ի դեմս ԱՄՆ-ի՝ բոլոր զարգացած երկրներն էլ ցանկանում են, որ Հայաստանը գրավիչ ներդրումային քաղաքականություն վարի, հարկային դաշտը վերանայի, իր տնտեսությունն առողջացնի, այստեղի մարդկանց սոցիակալան վիճակը բարելավվի: Ես կարծում եմ՝ Միացյալ նահանգները դրական է տրամադրված Հայաստանի զարգացման հարցում:
Կարող եք կարդալ նաև՝
Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2016-ին. ամփոփում է փորձագետը