Թալիշցի 20 տղամարդ ու նաև նրանցից մեկի ընտանիքը վերադարձել են Թալիշ՝ Նոր տարին այնտեղ դիմավորելու
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստան «գաղթած» Պետրոս Աբրահամյանը, որն ընտանիքին թողել էր Չարենցավանում, մի քանի թալիշցի տղամարդկանց հետ վերադարձել հարազատ գյուղ, Նոր տարին պատրաստվում է ընտանիքի հետ դիմավորել Թալիշում:
« Ընտանիքս երեկ եմ բերել: Նոր տարին Թալիշ ենք նշելու: Ավելի հետաքրքիր` մեր տանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետրոս Աբրահամյանը:
Վերջինս այն 10 տղամարդկանց թվում էր, որոնք ներգրավված են Թալիշի վերականգման աշխատանքներին։
Նա Tert.am-ին տեղեկացրեց, որ նման մարդկանց թիվն ավելացել է`«մի 20 ջահել կլինի»:
Առաքելյանների ընտանիքը առաջին անգամ Ամանորը նշելու է Թալիշից դուրս: Արմինեի ամուսինը, տեգր ու սկեսրայրը Մատաղիսում են մնացել, իսկ Հայաստանում բնակվում են Արմինեն իր 3 երեխաներով ու տեգոր ընտանիքը` ևս 3 երեխաներով:
«Գալու են դիմավորելու, նորից գնան: Մենք շատ կուզեինք այնտեղ լինել, բայց այնտեղ երեխա տանելու չէ»,- ասաց տիկին Արմինեն՝ հավելելով, որ, բնականաբար,շատ են տխուր:
«Այս Նոր տարուն մաղթում եմ` խաղաղություն աշխարհին, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն»,-ասաց տիկին Արմինեն:
Ապրիլյան դեպքերի ժամանակ նրանք տեղափոխվել էին Չարենցավան, որտեղ ապրում էին վարձով, հիմա` Աբովյան, որտեղ բնակարան են գնել:
«Մենք ենք առել էդ տունը, պետությունը մեզ չի աջակցել»,-ասաց Արմինե Առաքելյանը:
Օհանյանների ընտանիքը` երեք եղբայր, երկու հարս, պապիկ, մայր ու մեկ անչափահաս երեխայով ևս ապրում է Չարենացավանում: Tert.am –ի հետ զրույցում Ժորա Օհանյանն ասաց, որ տխուր են Նոր տարին Թալիշում չդիմավորելու համար։
«Ուրիշ մթնոլորտ, ուրիշ շրջապատ , ուրիշի տուն»,-պատմեց տղամարդը:
Օհանյանների ընտանիքը Թալիշում ունեցել է անասուններ, մթերային խանութ, որն ամբողջությամբ թալանված է:
Վերջիններիս Արցախի կառավարությունն ասել է, որ եթե վերադառնան, գուցե ինչ-որ փոխհատուցում կտան:
«Գյուղ դե տեսնանք` կվերադառնա՞նք , թե ոչ, եթե պայմանները, անվտանգությունը երաշխավորեն, ինչու ոչ, կվերադառնանք, բայց դե դժվար»,-ասում է Ժորա Օհանյանը: