Թունիսում երեք կասկածյալ է ձերբակալվել Բեռլինի ահաբեկչության գործով
Թունիսի իշխանությունները դեկտեմբերի 24-ին հայտնել են երեք տղամարդկանց ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Բեռլինում ահաբեկչության կազմակերպմանը մասնակցելու մեջ:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, ձերբակալվածներից մեկը ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Անիս Ամրիի զարմիկն է: Ամրին դեկտեմբերի 22-ին սպանվել է Միլանում` իտալացի ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:
Ձերբակալվածերը 18-27 տարեկան են: Անիս Ամրիի զարմիկը խոստովանել է, որ իր բարեկամի հետ կապ է պահպանել սմարթֆոնի «մեսենջերի» միջոցով և որ վերջինս իրենից պահանջել է հավատարմության երդում տալ «Իսլամական պետությանը»:
Թունիսի ներքին գործերի նախարարությունը երեք ձերբակալվածներին «ահաբեկչական ցանց» է անվանել:
Հիշեցնենք, որ թունիսցին դեկտեմբերի 19-ին բեռնատարով ընթացել էր Բեռլինի սուրբծննդյան շուկայում հավաքված բազմության ուղղությամբ, ինչի հետևանքով 12 մարդ էր զոհվել: