Ամեն ինչ լինելու է ՕԳԳ հիման վրա. Է. Շարմազանովը` իրենց ռեյտինգային ու համամասնական ցուցակների կազմման սկզբունքի մասին
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ` Հայաստանի հանրապետական կուսակցության ինչպես ռեյտինգային, այնպես էլ համամասնական ցուցակը կազմելիս` հաշվի են առնվելու պատգամավորների ՕԳԳ-ն և ըստ այդմ` նրանք ընդգրկվելու են այս կամ այն ցուցակում:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այս համատեքստում բերելով Մադրիդի Ռեալի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուի օրինակը` ասաց, որ վերջինս փայլուն ֆուտբոլիստ է, սակայն, եթե դարպասապահ նշանակեն, կլինի միջին դարպասապահ:
«Օրինակ, ունենք հրապարակային գործիչներ, որոնք ավելի շատ հրապարակային քաղաքականությամբ են զբաղվում, օրական 5-10 հարցազրույց են տալիս: Կան պատգամավորներ, որոնք տեղերից ընտրված լինելով, շատ ակտիվ չեն, բայց ակտիվ են իրենց ընտրողների հետ հանդիպումներում: Այս իմաստով, նրանք, ովքեր ավելի ակտիվ են ընտրողների խնդիրների լուծման առումով, կդնեն ռեյտինգային, ովքեր ավելի շատ հրապարակային գործունեություն են ծավալում , օրենքներ են ավելի շատ գրում, միջազգային հարթակներում պաշտպանում են Հայաստանի շահը` համամասնական»:
Բայց, ըստ Շարմազանովի, կոնկրետ անուններ, ազգանուններ դեռ չկան, չեն քննարկվել:
Ըստ նրա` ՀՀԿ նախընտրական շտաբի վերաբերյալ էլ քննարկումներն անցկացվելու են 2017-ին:
ՀՀԿ խոսնակը արձանագրելով, որ շտաբը ձևավորվում է կուսակցության ղեկավար մարմնի` ԳՄ առաջարկների հիման վրա, մանրամասնեց. «Հայաստանի հանրապետական կուսակցությունը ո’չ Գործադիր մարմնում, ո’չ որևէ այլ մակարդակով որևէ քննարկում չի իրականցրել շտաբի կազմի, ղեկավարների, փոխնախագահների վերաբերյալ: Կքննարկենք, կավարտենք հանրապետության նախագահը կորոշի»:
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակի վերաբերյալ ևս կուսակցությունում ոչ մի քննարկում չի եղել:
«Բայց կարող եմ այս առումով ասել, որ չի լինելու միանման մոտեցում, օրինակ` կան մարզեր, որոնցում նախընտրելի է, որ մարզպետները լինեն, քաղաքապետերը, կլինեն մարզեր, որտեղ բոլոր մեծամասնական պատգամավորները կդնեն: Ամեն ինչը լինելու օգտակար գործողության գործակցի հիման վրա: Այսինքն` շատ կարևոր է, որ պատգամավորի հնարավորությունները օգտագործվեն ճիշտ»։