Մենաշնորհների և ստվերի դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել, եթե դա կատարվում է գործընկերային ձևաչափով. Վ. Միրումյան
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում է մենաշնորհների և ստվերի դեմ պայքարը, նկատեց, թե ստվերի դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել, եթե դա կատարվում է գործընկերային ձևաչափով:
Դիտարկմանը, թե կոնկրետ շուկայում գների նվազում չի նկատվել, դեռ մի բան էլ՝ թանկացել է, Վախթանգ Միրումյան պատասխանեց. «Ի՞նչ եք առաջարկում մեզ, ակնհայտ է չէ՞, որ եթե ստվերի դեմ պայքարում ենք, և շրջանառությունները գալիս են հարկման դաշտ, ապա դա պարունակում է նաև գների բարձրացման հնարավորություններ… Հիմա անե՞նք, թե՞ չանենք: Այ, որ այս հարցի պատասխանն իմանաք, կասեք»։
Վախթանգ Միրումյանը նշեց, թե ստվերի դեմ պայքարը պետք է լինի համակողմանի, և իրենք շարունակում են կարծել, որ հիմնական գործառույթներից ու նպատակներից մեկը, չնայած դրան, ստվերի կրճատումը պետք է լինի:
«Դրա համար ունենք համապատասխան ծրագիր, գործողությունների հաջորդականություն, որը հաջորդաբար իրականացնելու ենք: Այսինքն՝ մենք մի կողմից երաշխավորում ենք տնտեսվարող սուբյեկտներին, որ օրինական դաշտում աշխատող և հարկ վճարողը պետք է որևէ խնդիր չունենա, բայց մյուս կողմից պետք է տնտեսվարող սուբյեկտները համապատասխան վարքագիծ դրսևորեն»,-ասաց նա:
ՊԵԿ փոխնախագահը կարևոր համարեց, որ կոռուպցիայից խուսափելու համար տնտեսվարողը պետք է գործընկերային հարաբերությունների մեջ չմտնի հարկային ծառայողների հետ:
«Եթե միակողմանի եղավ, միայն մենք այդ միջոցառումները ձեռնարկեցինք, տեսուչին պատժեցինք, գործից ազատեցինք, ասացինք՝ «դու այլևս չես աշխատում ու հույս էլ չունենաս համակարգում աշխատելու», բիզնես հանրությունը պետք է ադեկվատ պատասխան տա, պետք է համատեղ մտնենք գործընթացի մեջ, որ հաջողություններ ունենանք»,-ասաց նա:
Վախթանգ Միրումյանի հարցադրումը, թե ստվերի կրճատումը ենթադրում է գնաճ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը ճիշտ է որակում:
«Ճիշտ է ասում, բայց ո՞վ է ասում, որ ստվերը կրճատվում է, ես չեմ էլ տեսել։ Հիմա ստվերի կրճատումը ի՞նչ է նշանակում, որ ծախսերը պետք է ցույց տան չէ՞. աշխատավարձ շատ ես տալիս, բայց քիչ ես գրում, որ եկամտահարկ քիչ մուծես»,- ասաց Մելքումյանը և նշեց, թե իրենք դրա համար էին ասում, որ պետք է նախ վճարման պահանջարկը խթանեն:
«Բա ինչի՞ ենք ասում՝ եկեք աշխատավարձ բարձրացրեք, այսինքն՝ դու պետք է կարողանաս ստվերի դեմ պայքարի հիմքեր ստեղծես տնտեսական աճի համար, դա էլ բերի այնպիսի էֆեկտի, որ հնարավորություն լինի աշխատավարձ բարձրացնել: Այդ համադրություններն ու կարգավորումը կառավարության խնդիրն է»,-ասաց նա:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նույն հարցադրմանն ի պատասխան այսպես արձագանքեց. «Լավ, դե որ այդպես է՝ բոլորին ուղարկեք ստվեր, թող գներն իջնեն»:
Ըստ տնտեսագետի, ակնհայտ է, որ ստվերին զուգահեռ շարունակական գնաճ կա: Նրա խոսքով՝ եթե կա ստվեր, ուրեմն խաղի կանոններն այնպիսին են, որ չեն նպաստում տնտեսվարողների նորմալ գործունեությանը:
«Իրենք էլ ստիպված են դիմել ստվերային քայլերի, որպեսզի կարողանան պահպանել իրենց բիզնեսը: Հակառակ դեպքում, եթե հանեն ստվերից, գներն էլ կբարձրանան, իսկ դրանից վաճառքի ծավալները կկրճատվեն՝ կրճատելով նաև բիզնեսի եկամուտները»,-ասաց նա:
Վիլեն Խաչատրյանը նշեց, թե նման տիպի տրամաբանություն, իհարկե, կարող է լինել, բայց չի արդարացնում ստվերում գործելու նրանց հակվածությունը:
«Այսինքն` եթե իրենք միայն ստվերի մեջ մնալով են կարողանում պահպանել իրենց գոյությունը, նշանակում է՝ խաղի կանոններն են սխալ: Հարկային համակարգում, ուրեմն, տոկոսադրույքները թող իջեցնեն, հարկային բեռը իջեցնեն, վարկային համակարգի տոկոսներն իջեցնեն, որ մարդիկ կարողանան և՛ շահույթ ստանալ, և՛ ստվերում չգործել»,-ասաց նա: