Իլ-18 օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները փրկվել են. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Սախայի Հանրապետության տարածքում (Յակուտիա) Իլ-18 օդանավի վթարային վայրէջքից հետո 32 ուղևորներին ու 7 հոգանոց անձնակազմին հաջողվել է փրկվել, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
ՊՆ-ի ունեցած տվյալներով՝ 16 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Այժմ բոլոր տուժածները տեղափոխվել են Տիկսի բնակավայրի բուժհաստատություններ:
Ավելի վաղ ուժային կառույցներում աղբյուրը պատմել էր, որ դեկտեմբերի 19-ին Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանից թռած Իլ-18 ինքնաթիռը «կործանվել» է Տիկսի բնակավայրից 27 կմ հեռավորության վրա: Ըստ նրա՝ ընկնելուց հետո օդանավը բաժանվել է 3 մասի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օդանավի ուղևորները զինծառայողներ են: Հաղորդվել էր, որ ավիաաղետից հետո փրկվել է 6 մարդ: