Աբսուրդ է, ծիծաղելի. Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրենը ՝փոխտնօրենի անօրինականություններ կատարելու մասին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքում, այսօր տեղեկատվություն էր հրապարկվել, ըստ որի Վանաձորի մի շարք դպրոցների փոխտնօրեններ տեղեկացրել են, որ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրեն Նատալիա Նալբանդյանի կողմից անօրինական գործողություններ են կատարվում, նա միաժամանակ 2 դասղեկական դասարան ունի, այնինչ, ըստ գործող օրենքի՝ դպրոցի փոխտնօրենն իրավունք չունի ունենալ սահմանված քանակից ավելի դասաժամ և առավել ևս երկու դասարանի դասղեկություն։
Tert.am-ի հետ զրուցում Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը նշեց, որ հրապարկված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։
«Ծիծաղելի է, զարմացած եմ` որտեղի՞ց են այդպիսի բաներ հորինում, աբսուրդ է, բան ու գործ չկա, դպրոցին օգնելու փոխարեն այդպիսի բաներ են հայտարարում, նախ՝ օրենքը թույլ չի տալիս, որ երկու դասղեկական դասարան ունենա, եթե ինձ խնդրեն էլ, չեմ նշանակի։ Փոխտնօրենի զբաղվածությունը շատ մեծ է, նա, առհասարակ, դասղեկական դասարան չունի»,-շեշտեց տնօրենը՝ հավելով, որ ցավալի է, երբ օր ու գիշեր աշխատող փոխտնօրենին փորձում են սևացնել։
Նարինե Սահակյանը մանրամասնեց, որ Նատալիա Նալբանդյանը մասնագիտացված կրթական աջակցության գծով է փոխտնօրեն, իրականացնում է բազմաթիվ դասալսումներ, օգնում նաև բուհերի հետ համագործակցության հարցում։
«Համագործակցում ենք նաև Դիլիջանի միջազգային դպրոցի հետ։ Հենց Նատալիա Նալբանդյանն էր խումբ տարել այդ դպրոց, դե հիմա էլ թող դա ասեն, իր պարտականությունները փոխտնօրենը պատշաճ կատարում է, երբևէ լիազորություններից դուրս չի եկել, ի՞նչ անօրինականության մասին են խոսում,զարմացած և զայրացած եմ»,- նշեց նա։