ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ դաշինք չի կազմի. ՀՀԿ խոսնակ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը որևէ քաղաքական ուժի հետ դաշինք չի կազմի ու խորհրդարանական ընտրություններին կգնա սեփական ցուցակով:
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտին լրագրողներին ասաց, որ նախագահը ներկայացրել է Արցախի հանրապետություն այցի արդյունքները: «Զինված ուժերի մարտունակությունը բավականին բարձր է, հսկայական աշխատանք է կատարվել առաջին գծում և՛ տեխնիկական, և՛ մարտավարական, և, կարծում եմ՝ կարևորագույն դասերը քաղվել են»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակի ու քաղաքական ուժերի հետ հնարավոր դաշինքի մասին հարցին ի պատասխան Շարմազանովն ասաց, որ մինչև տարեվերջ ՀՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի. «Չեմ կարծում, որ խորհրդի նիստի ընթացքում մեծ անակնկալներ են սպասվում: Խորհրդում բնականաբար կլինեն նաև փոփոխություններ: Խորհրդի առաջին փոխնախագահի պաշտոնի հավակնորդը վարչապետ Կարապետյանն է: Նախընտրական գործընթացների հետ կապված ոչ մի հարց չենք քննարկել: Բնականաբար դաշինքի հարց էլ չենք քննարկել»:
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն կգնա իր ցուցակով: «Եվ մեր ցուցակում տեղ կգտնեն նաև այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնել»,-ասաց ՀՀԿ խոսնակը՝ հիշեցնելով, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է ոչ միայն ՀՀԿ-ականներից, այլև այն քաղաքական ու հասարակական միավորներից, «ովքեր տարիներ շարունակ սատարել են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը»:
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել նախընտրական մարտավարությունը:
Վերջերս ստեղծված նոր ընդդիմադիր դաշինքի՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին հարցին ի պատասխան ՀՀԿ խոսնակը հայտարարեց. «Կարծում եմ, դեռ նոր դաշինքներ կձևավորվեն քաղաքական դաշտում, առաջին հերթին՝ ընդդիմության մեջ»: