Ֆրանսիայի համար ԼՂ հարցը կարևոր է, և չեն ցանկանում, որ հիմնախնդրի լուծումը մնա ռուսներին կամ ամերիկացիներին. Կայծ Մինասյան
Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը, անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե Ֆրանսիան ցանկանում է ԼՂ հիմնախնդրի շուրջ ծավալվող բանակցային գործընթացում կողմերի համար դրական առաջարկներ ներկայացնել, նկատեց՝ նշանակում է, որ Ֆրանսիայի համար Ղարաբաղը կարևոր հարց է, և ֆրանսիացիները՝ ի դեմս նախագահ Օլանդի, չեն ցանկանում, որ հիմնախնդրի լուծումը մնա ռուսներին կամ ամերիկացիներին:
«Դա շատ լավ է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է միջազգային դառնա, ոչ միայն լինի ռուսական ճնշումների տակ»,- ասաց Կայծ Մինասյանը՝ նշելով, որ մի պետությունը, այս դեպքում՝ Ռուսաստանը, միայնակ չի կարող զբաղվել ԼՂ հիմնախնդրով:
Հիշեցնենք, որ օրերս Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը նշել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկներ է արել երկու երկրների նախագահներին։
«Հիմա երկրի նախագահներն իրենք պետք է որոշեն՝ գան համաձայնության, կողմ կամ դեմ լինեն: Հարցը բարդ է, և երկու երկրների շահերը հակասական են, դժվար է համախոհական լուծում գտնել այս վիճակի մեջ, մանավանդ որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո խնդիրը լրջացավ: Բայց ես կարծում եմ, որ նախագահ Օլանդը դրական առաջարկ ունի, և պետք է որ դա նախագահներին հետաքրքրի»,- ասել էր նա:
Կայծ Մինասյանը չփորձեց ենթադրություններ անել, թե ինչ առաջարկների մասին կարող է խոսք լինել: Նա կարևոր համարեց այն, որ ԼՂ խնդրով պետք է զբաղվեն մի քանի պետություններ, որ այն դառնա միջազգային: Մինասյանը նաև հիշեցրեց, որ Ֆրանսուա Օլանդը, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրի ղեկավար, 2014 թվականին նախաձեռնել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին ղարաբաղաադրբեջանական սահմանին լարվածություն հաջորդեց, և բախումներ եղան: «Դրանից հետո ֆրանսիացիները զգույշ են, երկու տարի է՝ ֆրանսիացիները չեն ցանկանում ներգրավվել այլ գործընթացներում: Հիմա, կարծես թե իրավիճակը փոխվել է, որովհետև Ֆրանսիան ընտրապայքարի մեջ է: Ֆրանսուա Օլանդն էլ հայասեր է, ցանկանում է ֆրանսահայերի ցանկությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցն առաջ տանել»,- ասաց նա:
Կայծ Մինասյանը նաև նշեց, որ ֆրանսական կողմի առաջարկները, որքան էլ հավասարակշող նշանակություն ունենան, դժբախտաբար, հնարավոր է՝ չընդունվեն: Նա կանխատեսեց․«Եթե Ֆրանսիայի առաջարկը Հայաստանն ընդունեց, վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանը չի ընդունի, և եթե Ադրբեջանն այդ առաջարկներին «այո» ասի, հետևաբար Հայաստանը «ոչ» կասի»:
Փորձագետի դիտարկմամբ՝ եթե Ադրբեջանը չի ընդունում ազգերի ինքնորոշման և այլ միջազգային իրավունքները, հնարավոր չէ, որ խաղաղություն լինի:
«Եթե Ադրբեջանը չի ընդունում միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, ինչպես որ միջազգային հանրությունն է իր հայտարարություններում շեշտադրում, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա: