Հայաստանում բնակվում է տեսողական խնդիրներ ունեցող ավելի քան 6000 մարդ
Հայաստանում բնակվում է 6 հազարից ավելի տեսողական խնդիրներ ունեցող անձ, որից 500-ը երեխաներ են: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ասել է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը:
«Հայաստանում գործում է կուրություն ունեցող երեխաների համար նախատեսված այս մեկ դպրոցը, որտեղ սովորում է 100 երեխա` Ջավախքից, Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի տարբեր մարզերից: Դպրոցում երեխաները ստանում են լիարժեք կրթություն, բոլոր առարկաներն են անցնում: Նախարարի հրամանով մեզ մոտ գործում է նաև նախակրթարան»,- ասել է Ալեքսան Ահարոնյանը:
Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ կարող էր ներկայացնել բազմաթիվ խնդիրներ, սակայն ներկայում միակ գլխավոր հարցը շարունակում է մնալ բրալյան դասագրքերի խնդիրը: Տարբեր կազմակերպությունների միջոցով հնարավոր է եղել որոշ քանակությամբ տպագրել, սակայն դա բավարար չէ: Դպրոցը խնդիրը լուծում է բրալյան պրինտերի միջոցով: Բրալյան տետրերի հետ կապված խնդիր չկա, դրանք արդեն 5-րդ տարին է՝ տրամադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Ալեքսան Ահարոնյանը նշել է, որ տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար մեկ հատուկ դպրոցը հանրապետությունում բավարար չէ, իսկ ներառական դպրոցները բավարար չափով հագեցած չեն մասնագետներով ու բրալյան դասագրքերով, տետրերով:
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը նշել է, որ կույրերն ու թույլ տեսողություն ունեցող անձինք աշխատանքի տեղավորման խնդիրներ ունեն: Ժամանակին կույրերի միավորման արտադրամասերում նրանք աշխատանքի էին տեղավորվում, սակայն ներկայում արտադրամասերն աշխատում են իրենց հզորության քիչ ծավալով: Հետևաբար, շատերին չեն կարող աշխատանքի տեղավորել:
«Արտադրամասերում կուրություն ունեցող անձինք արտադրում են տարբեր ապրանքներ, սակայն Հայաստանի շուկան փոքր է, իսկ արտահանումը խնդիր է: Հույս ունենք, որ ԵԱՏՄ անդամակցությունը արտահանման տեսանկյունից նոր հեռանկարներ կբացի»,-ասել է Մարտին Սարգսյանը:
Կուրություն ու թույլ տեսողություն ունեցող անձանց խնդիրներից նա առանձնացրել է քաղաքում տեղաշարժվելու հարցը: Ըստ նրա` մատչելի պայմաններ չկան, երթևեկությունն անկանոն է, հետևաբար առանց ուղեկցողի տեսողական խնդիրներ ունեցող անձը չի կարող ազատ տեղաշարժվել: