Սահակ Մինասյանը, հակառակ կանխատեսումների, վերընտրվել է Շիրակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար
Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի հերթական ընտրության արդյունքում վերընտրվել է կառույցի գործող ղեկավար Սահակ Մինասյանը: Որևէ այլ թեկնածություն չի առաջադրվել:
Սահակ Մինասյանը, որը երեկ Tert.am-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ վերընտրվելու է, այսօր պատասխանելով հարցին, թե սխալ չէ՞ անայլընտրանք ընտրությունը, ասաց. «18 մարդու պարագայում ճիշտ է»:
Նշենք, որ նիստին Խորհրդի 24 անդամից բացակայել են 6-ը, այդ թվում նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով ըստ մամուլի` Շիրակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարի հիմնական հավակնորդն էր:
«Ինքը Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովի նիստի էր»,- նկատեց Սահակ Միանասյանը:
Հիշեցնենք, որ Սուքիաս Ավետիսյանը Tert.am–ի հետ նույն հարցազրույցում չէր թաքցրել, որ Սահակ Մինասյանից ինչ-ինչ դժգոհություն կա:
Հարցին, թե Խորհրդի բոլոր անդամները տեղեկացված ու ծանուցված են եղել, որ Խորհրդի նիստ է լինելու, Շիրակի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը դրական պատասխան տվեց` հավելելով.«Բացի մեկից, որը երկրում չէր»:
Նշենք, որ երեկ առավոտվա դրությամբ Սահակ Մինասյանն ինքը տեղյակ չէր, որ նույն օրը ժամը 18.30-ի դրությամբ Խորհրդի նիստի է հրավիրված, և միայն ավելի ուշ հաստատեց այդ տեղեկությունը: Հետևաբար, կար մեծ հավանականություն, որ այլ հանրապետականներ ևս այդ մասին չիմանային: