«Վիզաների կենտրոնում ինչ-որ աղջիկներ նստած սկրեպ են խփում ու փող են գանձում». Նաիրա Զոհրաբյան
ՀՀ քաղաքացիներին սպասարկող վիզաների կենտրոնը ավելորդ գումարներ է գանձում հանրությունից: ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այն «չարաբաստիկ կանտորա է, որտեղ ՀՀ քաղաքացիներին ենթարկում են նվաստացման խայտառակ րիտուալի»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մարդիկ երեխաները գրկին ժամերով սպասում են, որ վիզա ստանան: Ավելին, Զոհրաբյանի խոսքով, անհեթեթ գումարներ են գանձվում «սկրեպ խփելու համար, որովհետև ինչ-որ աղջիկներ նստած սկրեպ են խփում ու գումարներ վերցնում»:
Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանը վավերացրել էր վիզաների դյուրացման մասին ծրագիր, բայց դրանից հետո ԵՄ երկրներ վիզա ստանալու գործընթացը տասնապատիկ բարդացվեց, նվաստացման «րիտուալներ» ներառվեցին:
Պատասխանելով հարցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ միջև բանակցվող նոր շրջանակային փաստաթղթի ստորագրումից հետո տևական ժամանակ կպահանջվի, որպեսզի ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն այն, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ժամանակն օգտագործել համաձայնագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու համար:
Կարեն Նազարյանն ասաց, որ վիզաների կենտրոնի վերաբերյալ դժգոհություններին ծանոթ է: «Վիզաների կենտրոնի գործունեության սկզբից ստացել ենք տարբեր նամակներ, բողոքներ, որոնք աննկատ չեն անցնում մեր կողմից»,- ասաց ԱԳ փոխնախարարը՝ հորդորելով հավելյալ գումարների գանձման դեպքում իրենց դիմել, բայց ոչ անանուն, որպեսզի իրենք կարողանան ուսումնասիրություն անցկացնել:
Միաժամանակ, Նազարյանն ասաց, որ վիզաների կենտրոնն ի տարբերություն մյուս հյուպատոսությունների մի քանի անգամ ավել թվով մարդիկ է ընդունում օրական, ուստի իրենք դիմել էին տարածքը մեծացնելու ու հարմարավետությունը ավելացնելու համար: