Վանաձորցին նախկին ընկերուհու մերկ լուսանկարը տեղադրել է Facebook-ում և հրապարակելու սպառնալիքով նրանից 600 եվրո ստացել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է արտերկրում ապրող, ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի բնակչին:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի մի բնակիչ արտերկրում գտնվող նախկին ընկերուհուց 2015 թվականի դեկտեմբերի սկզբին պահանջել է 600 եվրո՝ սպառնալով հակառակ պարագայում հրապարակել նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Վերջինս պահանջը չի կատարել, ինչից հետո նախկին ընկերը «Facebook.com» սոցիալական ցանցում առանձին էջ է բացել և տեղադրել աղջկա մերկ լուսանկարը և այն ավելի լայն շրջանակի անձանց հրապարակելու սպառնալիքով դեկտեմբերի 12-ին «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (Շորթումը՝ անձի մասին արատավորող կամ անձի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: