Սարի թաղում կալանավորվածներից մեկի՝ դրսում հայտնված հինգ երեխան ու կինը մեկ ամսով բնակարան են վարձակալել, կինը աշխատանք է փնտրում (տեսանյութ)
Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ կալանավորվածներից մեկի ընտանիքը՝ անչափահաս հինգ երեխաներն ու մայրը, ովքեր հայտնվել էին փողոցում, մեկ ամսվա բնակության համար գումար են գտել ու տուն վարձակալել Էջմիածնում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բազմազավակ ընտանիքի մայրը՝ Մարինա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նախքան ամուսնուն կալանավորելը ընտանիքը կրկին վարձով է ապրել, կենցաղային խնդիրներ ունեցել են, սակայն ամուսինն աշխատել է և կարողացել են ապրել:
«Երևանում ենք բնակվել, որոշակի խնդիրների առաջացումից հետո մենք օրավարձով բնակվեցինք, հետո օրավարձը չէինք կարողանում տալ և 2 ամիս դրսում ապրեցինք: Այժմ մեզ օգնել են, և մենք մեկ ամսով Էջմիածնում բնակարան ենք վարձակալել 40 հզր դրամով»:
Մարինա Սարգսյանն ասաց, որ այդ ընթացքում կփորձի աշխատանք գտնել, մտադիր է դիմել «Սանիտեք», որպեսզի գիշերն աշխատի, իսկ երեխաները մնան տանը:
Հարցին, թե Էջմիածին տեղափոխվելուց հետո երեխաների՝ դպրոց հաճախելու հետ կապված խնդիրներ չե՞ն առաջացել, Մարինա Սարգսյանը պատասխանեց, որ տղան ու երկու աղջիկները գիշերօթիկ դպրոց են հաճախում, սակայն ցանկանում է նրանց տեղափոխել սովորական դպրոց:
Անդրադառնալով հանրության արձագանքին, Մարինա Սարգսյանն ասաց, որ իրենց մեկ ամսվա բնակության հարցը լուծվել է, սնունդ և տաք հագուստը ևս որպես օգնություն ստացել են:
Հարցին, թե երբ բարձրաձայնում էին իրենց խնդրի մասին, ներկայանում էին այլ անուններով, նշելով, որ այդ կերպ խուսափում են վտանգից, ի՞նչ վտանգի մասին էր խոսքը, Սարգսյանն ասաց. «Մեկը մոտեցավ մեզ օգնելու նպատակով, բայց մեզ չօգնեց, և արդյունքում իմ երեք երեխաները հայտնվեցին Հայ օգնության ֆոնդում»:
Մարինա Սարգսյանը հրաժարվեց խոսել ամուսնու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: