Բոլոր տեղերից էլ արտագաղթում են, ուղղակի խնդիրն այն է, որ բոլորը Շիրակով են անցնում ու թվում է, թե Շիրակից են գնում. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզին հատկացվող բյուջեն հիմնականում բավարարում է առաջնային խնդիրներին լուծում տալու համար: Մարզպետը տեղեկացրեց, թե մարզի բյուջեն 211 մլն դրամով աճել է, որը հիմնականում ուղղվելու է կրթության ոլորտին:
«Մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը, ճանապարհների՝ ամառային ու ձմեռային հատկացումների հետ կապված ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով, աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով, կարող եմ ասել, որ նվազագույն խնդիրները մարզում կարող ենք լուծել»,- ասաց նա:
Շիրակի մարզպետը տեղին չհամարեց դիտարկումը, թե մարզից արտագաղթողների թիվը մեծ է: «Բոլոր տեղերից էլ գնում են, Երևանից չեն գնո՞ւմ: Խնդիրն էն ա, որ բոլորը Շիրակով են անցնում, թվում ա, թե Շիրակից են գնում»,- ասաց մարզպետը, բայց համաձայնվեց՝ աղքատության բարձր ցուցանիշ ունեն, քանի որ Շիրակը երկրաշարժ է տեսել:
«Մնացած մարզերում նման բան չի եղել, ենթակառուցվածքներ չեն վերացվել և մեկ քայլ մեզանից առաջ են, աղքատության հիմնական պատճառներից մեկը դա է»,- նշեց մարզպետը:
Հարցին, թե ինչ եք անելու, որ այդ չափանիշները նվազեն, պատասխանեց, որ վարչապետի հանձնարարականով աշխատում են մարզի զարգացման հետ կապված ծրագրի շուրջ և երբ պատրաստ կլինի մարզի զարգացման ծրագիրը, այդ ժամանակ էլ կներկայացվի: «Պետք է թղթին հանձնել այն, ինչն իրատեսական է, չենք կարող թղթին հանձնել անիրատեսական բաներ»,- ասաց Սիմոնյանը: