WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի նամակագրության 25-րդ մասը
WikiLeaks կայքը նոյեմբերի 1-ին հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության 25-րդ մասը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հիշեցնելով, որ առաջին մասին հրապարակումը համացանցում տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Կայքի պատասխանատուներն ամեն անգամ մի քանի հազար նամակ են տեղադրում համացանցում: Հերթական մասի հրապարակմամբ հասանելի է դարձել 42 000 նամակ:
Հոկտեմբերի սկզբին կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ մտադիր են «նշանակալի տվյալներ» հրապարակել ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կայքը հոկտեմբերի 19-ին հրապարակել էր Քլինթոնի խորհրդականին և աշխատակազմի մյուս անդամներին ուղղված՝ Հայոց ցեղասպանության մասին նամակը, որը գրել էր Պոդեստան: