Եկեք մի փոքր սպասենք, մինչև տարեվերջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը կքննարկվի. Կորյուն Նահապետյան
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը խորհուրդ է տալիս ինտրիգներ և անհամաձայնություն չտեսնել ՀԱՊԿ կառույցում և նշում, որ պետք է ուղղակի մի փոքր սպասել, մինչև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչ:
«Նշվեց, որ մինչև տարեվերջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը կքննարկվի և եկեք մի փոքր սպասենք, կլինի թեկնածուի առաջարկում և ՀԱՊԿ ղեկավար անդամները կներկայացնեն որոշում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նահապետյանը:
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան`ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել էր, որ Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվել, քանի որ Ղազախստանի նախագահը հիվանդության պատճառով ներկա չի եղել։ Նա հաստատել էր նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվել, քանի որ «այդ հարցը պետք է լուծվի բոլոր նախագահների մասնակցությամբ»:
Հարցին, թե այդ զարգացումը, չնայած այն հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ը պետք է ուժեղացվի, ճիշտ հակառակ ազդեցությունը չի ունենում, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, թե իհարկե շատ կարևոր է այդ կազմակերպության հետագա ամրապնդումը, սակայն Ղազախստանի նախագահի բացակայությունից չի կարելի եզրահանգումներ անել:
«Որովհետև մեր անվտանգության համակարգում անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարևոր նշանակություն ունի և այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ ղեկավարներից մեկն ինչպես ներկայացվել է՝ հարգելի պատճառով չի ներկայացել նստաշրջանին, չպետք է դրանից եզրահանգումներ անել և ասել, որ անդամ պետությունների ղեկավարները կամ այլ կառույցները ՀԱՊԿ-ի շրջանում արդյունավետ չեն գործում: Ես, համենայն դեպս, հույս ունեմ, որ առաջիկայում կլինեն այդ ռազմավարությանը համապատասխան կոնկրետ գործողություններ, որի արդյունքում մենք առավելագույնս կամրապնդենք այն կառույցը, որին անդամակցում ենք»,- ասաց նա:
Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ վերջին նստաշրջանի ժամանակ ընդունվել են մի շարք փաստաթղթեր: «Այդ համատեքստում հատկապես կուզենայի առանձնացնել ՀԱՊԿ-ի ռազմավարությունը մինչև 2025թ-ը: Փաստաթուղթը դեռ չի հրապարակվել, չենք կարող շատ մանրամասների մասին խոսել, բայց ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական ուղենիշների մասին ՀՀ նախագահն իր եզրափակիչ մամուլի ասուլիսին անդրադարձավ»,- ասաց նա: